Saturday, August 15, 2009

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 'ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ'

«Լրագիր» 15-8-2009- Քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ ձեռնտու է Ռուսաստանին: Հայաստանի տնտեսությունը ղեկավարում է Ռուսաստանը: Սա ավելի շատ ռուս-թուրքական հարաբերություններ են, քան հայ-թուրքական: Քաղաքագետ Մանվել Սարգսյանն, իր հերթին, այն տեսակետին է, թե Թուրքիան նախաձեռնեց Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, որտեղ Հայաստան չի եղել և չկա: Թուրքիան Հայաստանի հետ բանակցելու ցանկություն չի ունեցել և չունի: Միով բանիվ, հայ-թուրքական բանակցություն կա այնքանով, որքանով որ կա ռուս-թուրքական մերձեցում: Եւ այդ մերձեցումն անհնար է առանց հայկական գործոնի այն առումով, որ Հայաստանն իր խնդիրներով չխանգարի դրան: Իսկ որպեսզի չխանգարի, պետք է նրան ստիպել գնալ քայլերի, որոնք հակասում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին: Ինչին էլ մենք ականատես ենք վերջին ամիսներին: “Հայ-ռուսական դարավոր բարեկամություն” ասվածն ընդհանրապես բարդ ու պատմականորեն հետաքրքիր երեւույթ է: Ռուսաստանը Կովկասի տարածաշրջանում եւ դրա շուրջ հաստատվելու համար միշտ օգտագործել է հայկական գործոնը: Ռուսաստանը երբեք չի էլ թաքցրել, որ Հայաստանն իր ֆորպոստն է: Այսինքն, ամրոց, հենարան՝ վերահսկելու ողջ տարածաշրջանը: Պատմական հետաքրքիր օրինաչափություն է նկատվում՝ երբ Ռուսաստանը հեռացել է տարածաշրջանից, Հայաստանը, հայաբնակ տարածքները մեծացել են եւ հզորացել, երբ Ռուսաստանը վերադարձել է տարածաշրջան, դա կատարվել է Հայաստանի ու հայաբնակ տարածքների հաշվին, որոնք որպես վճար տրվել են այլոց: Սա է վկայում ռուս-թուրքական հարաբերության ողջ պատմությունը, ռուս-թուրքական 6 պատերազմների արդյունքներով կնքված պայմանագրերը եւ այլն: Այդպես էր նաեւ դարասկզբին: Երբ Ռուսաստանը ստիպված էր նահանջել Կովկասից, Հայաստանի անկախ Հանրապետությունը, չնայած իր ահավոր վիճակին, կարողացավ պահպանել իր գոյությունը եւ նույնիսկ ընդլայնել սահմաններն այն հայաբնակ տարածքների հաշվին, որոնք զավթել էին հարեւանները: Երբ Ռուսաստանը վերադարձավ, դա կատարվեց Հայաստանի ու հայաբնակ տարածքների հաշվին, մասնավորապես՝ Նախիջեւանն ու Ղարաբաղը տրվեցին Ադրբեջանին, կնքվեց Թուրքիայի հետ պայմանագիր, որն ամրագրում էր Արեւելայն Հայաստանի մի մասը Թուրքիային զիջելը: Կարելի է հիշել շատերին անհայտ փաստը՝ երբ 1923 թ. Թուրքիան կանգնած էր կործանման եզրին, եւ Հունաստանի զորքը գրեթե գրավել էր Անկարան, Ռուսաստանը զենք եւ զորք տրամադրեց Թուրքիային եւ փրկեց նրան: Զուր չէ, որ Թուրքիայի մզկիթներում մահմեդական սրբերի կողքին հիշատակվում էր նաեւ Վլադիմիր Լենինի անունը: Իսկ ամենաթարմ օրինակը ղարաբաղյան հակամարտությունն է: Քանի դեռ Ռուսաստանը տարածաշրջանում էր, նրա զորքերը հայաթափեցին Մարտակերտը, Շահումյանը, Գարդմանը, հայաբնակ այլ տարածքներ եւ սեղմեցին օղակը Ստեփանակերտի շուրջ (թեեւ դա վերագրում են Ադրբեջանին): Երբ ԽՍՀՄ փլուզվեց, եւ Ռուսաստանը Կովկասում չուներ արդեն նախկին զորությունը՝ սեփական երկրում բազմաթիվ դժվարությունների պատճառով, Ղարաբաղն ու Հայաստանը մասնակիորեն վերականգնեցին կորուստները: Ներկայում, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան լուրջ խնդիրներ ունեն Արեւմուտքի հետ, փորձում են ռազմավարական համագործակցություն ստեղծել, որը կընդգրկի թե Կովկասը, թե Կենտրոնական Ասիան: Բնական է, որ այս համատեքստում, այսինքն ռուս-թուրքական հերթական առեւտրում չի կարող չշրջանցվել հայկական թեման: Փաստերն ակնառու են՝ Ռուսաստանի թելադրանքով Հայաստանի իշխանությունը, սեփական հանրության թիկունքում, համաձայնություն է տվել մի շարք պահանջների, թե Ղարաբաղի հակամարտության, թե հայ-թուրքական հարաբերության մասով: Բնական է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր խնդիրները պետք է լուծի Հայաստանի հաշվին, քանի որ առեւտրի այլ օբյեկտ, փաստացի, չկա, իսկ թուրքերի համար էլ այդ հարցերը կենսական կարեւորություն ունեն: Ահա նման “դարավոր բարեկամություն”: Եվ սակայն, պետք չէ մեղադրել Ռուսաստանին եւ ընկնել մելամաղձության մեջ: Պետք է մտածել այդ բարեկամությունը փոխշահավետ, արժանապատիվ հիմքերի վրա դնելու մասին: Ռուսաստանի համար դա, իհարկե, անակնկալ կլինի, քանի որ 300 ամյա “դարավոր բարեկամության” ընթացքում նման բան չի եղել, եւ Հայաստանի շահ հասկացությունը ռուսներին կարող է թվալ ինչ որ տարօրինակ, հակաբնական բան: Եւ դրանում մենք ենք մեղավոր, մեր ստրկական պահվածքով: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ձգտի առեւտրի օբյեկտից վերածվի գործընկերոջ եւ հանդես գա քաղաքական լուրջ նախաձեռնություններով, որոնք կօգնեն դուրս գալ դարերով ձգվող այս վիճակից: Իհարկե, Հայաստանի ներկայիս վարչակարգի որակները հույս չեն թողնում, որ մոտ ապագայում դա հնարավոր է: Եւ մինչ այդ, մեր միակ հույսը մնում են խոր տարաձայնությունները մի կողմից Ռուսաստանի ու Թուրքիայի, մյուս կողմից՝ Արեւմուտքի միջեւ: Իսկ դա երկարատեւ երաշխիք չէ:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments:

Post a Comment