Saturday, October 24, 2009

Փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, Սերժ Սարգսյան

Tert.am. 22-10-2009-Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես ՀՀ նախագահը կմեկնաբանի Ալիևի խոսքերը, համաձայն որոնց ձեռք են բերվել համաձայնություններ ԼՂՀ հարակից շրջանները վերադարձնելու շուրջ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես այդ հարցին անդրադարձել եմ և հիմա առանձնապես բան չունեմ ավելացնելու։ Ուղղակի մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ մենք շատ լրջորեն և պատասխանատվությամբ ենք մոտենում բանակցային ողջ գործընթացին։ Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է` չկա։ Եվ հենց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որպեսզի օր առաջ լուծվի այս խնդիրը», – ասել է ՀՀ նախագահը։ Նա նշել է, որ «մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն և այն կլինի տևական»։ «Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով։ Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, և բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ։ Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել։ Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին և, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի։ Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որևէ կերպ չի մոտեցնում։ Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը։ Երբ իրենք ասում են, թե ամեն ինչ բանակցված չէ, եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերված չէ, սրանով արդեն ամեն ինչ ասվում է։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որ և մենք, և ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին», – հայտարարել է Սերժ Սարգսյանը։

No comments:

Post a Comment