Tuesday, October 27, 2009

«Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին ԱՄՆ-ն է հարվածում»

Aysor.am- 26-10-2009- Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Սայադ Արանը Իզմիրում կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերություններին հարվածում է ԱՄՆ-ը: «ԱՄՆ-ում Թուրքիայի և Ադրբեջանի հզորանալը չցանկացող ուժերը աշխատում են երկպառակություն մտցնել երկու պետությունների միջև: Դրան հնարավորություն չպետք է տրվի», -ասել է նա: Նախկինում գրող ադրբեջանցի դիվանագետի այդ պնդումը հետաքրքրական է այն տեսակետից, որ մինչ այժմ Թուրքիայում համարում էին, որ Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները փչացնել ցանկացողները Ռուսաստանի հետ կապված ուժերն են, որոնց նպատակը Ադրբեջանը Ռուսաստանին ավելի մոտեցնելն է: Իսկ այժմ, ադրբեջանցի դիվանագետը Անկարայի և Բաքվի արանքը խզվելու հարցում մեղադրում է ԱՄՆ-ին: «Իրականում Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցման և սահմանների բացման համար աշխատող հիմնական ուժը ԱՄՆ-ն է: Հատկապես Վաշինգտոնն է համառում, որ Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու համար Թուրքիան ձեռք քաշի Ղարաբաղի պայմանից», -ասել է Սայադ Արանը: Musavat.com-ն այդ կապակցությամբ մեկնաբանել է, որ «Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները փչացնող երկիրը ԱՄՆ-ը լինելու մասին կարծիքները հիմնազուրկ չեն, սակայն, հետաքրքրականն այն է, որ նման պնդումով հանդես է գալիս Ադրբեջանի դիվանագետ պաշտոնյան»: Ի տարբերություն Սայադ Արանի, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը գտնում է, որ Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների սրման մեջ շահագրգիռ ուժերը Ադրբեջանում Ռուսաստանին կապված ուժերն են: «Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերություններում դժվարություններ ստեղծել ցանկացող ուժեր կան: Տեղեկացված ենք Ադրբեջանում նման լոբբիի գործունեությունից», -Թուրքիայի կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Արինչը, նշելով, որ «վշտացած է` վերջին իրադարձությունների հետ կապված Ադրբեջանի ցուցադրած հակազդեցությամբ»: «Բոլորը գիտեն, որ Ադրբեջանին Ռուսաստանին մոտեցնելու և Թուրքիայից բաժանելու մեջ շահագրգռված ուժեր կան: Սակայն, չնայած դրան, հավատում ենք, որ Հեյդար Ալիևի որդի և ժառանգորդ Իլհամ Ալիևը Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի ուշադիր կլինի», -ասել է թուրք փոխվարչապետը և հավելել, որ «եթե Ադրբեջանը շարունակի Թուրքիայի նկատմամբ իր բացասական վարքը, ապա դրա պատասխանատվությունը կկրի Բաքուն»:

No comments:

Post a Comment