Saturday, October 24, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՄԲՈՂՋԸ ԵՎ ՄԱՍԸ

«Լրագիր» 22-10-2009- Կվավերացնի՞ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման, կամ առանց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ որեւէ շոշափելի համաձայնության, թե չի վավերացնի: Դա մի հարց է, որն սկսել է հուզել Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներին, համենայն դեպս՝ դառնալ հիմնական հետաքրքրություններից մեկը: Այդ կապակցությամբ ուշադրության կենտրոնում են թուրքական պաշտոնյաների հայտարարությունները, թե ով ինչ ասաց, երբ ասաց, ինչպես ասաց եւ որտեղ ասաց: Բայց այդ ամենի առումով թերեւս պետք է գտնել մի պարզ հարցի պատասխան` իսկ ինչու պիտի Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այդ հարցը պետք է տալ ոչ այն տրամաբանությամբ, որ եթե չէր վավերացնելու, ապա ինչու ստորագրեց: Խնդիրը պարզապես այն է, թե ինչու պետք է չվավերացնի: Միայն այն պատճառով, որ Ղարաբաղը Ադրբեջանի՞նը չէ, կամ տարածքները Ադրբեջանին չե՞ն վերադարձվել: Միթե այդ դատարկ պատճառով Թուրքիան պետք է հրաժարվի իր համար այնպիսի հրաշալի փաստաթղթից, ինչպիսին հայ-թուրքական արձանագրություններն են, որոնց ստորագրումը Թուրքիային փաստացի ազատում է հայկական հարցից: Թուրքիային ինչ, թե ումը կլինի Ղարաբաղը: Չէ որ Թուրքիան Կովկասի համար է այժմ պայքար մղում, որի խոչընդոտ միշտ եղել է հայկական հարցը: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ վավերացումը նրան մոտեցնում է կովկասյան առաջատարության: Իսկ եթե Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծանա, ապա նրա համար արդեն այդքան էլ կարեւոր չէ, թե ումն է լինելու Ղարաբաղը: Թուրքիան ամբողջի համար է ելել ոտքի, հետեւաբար անտրամաբանական կլինի, եթե հետ կանգնի մասից: Թուրքերը թերեւս հենց սա են փորձում բացատրել Ադրբեջանին: Այսինքն, մենք ձեր եղբայրն ենք, հետեւաբար եթե Կովկասում առաջատարը լինի ձեր եղբայրը, կնշանակի, որ նաեւ դուք եք առաջատար: Ադրբեջանն առայժմ կամ չի հասկանում դա, կամ ձեւացնում է, թե չի հասկանում, որպեսզի Թուրքիան ստիպված լինի տալ իր հնարավոր առաջատարությունը ավելի շատ կիսելու խոստում եւ հավաստիացում: Գուցե նաեւ Ադրբեջանը պարզապես չի հավատում, թե Թուրքիային կհաջողվի հասնել իր ցանկալի նպատակին, քանի որ այդ ճանապարհին միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չէ, որ պետք է անել, այլ դեռ շատ հարցեր կան կապված թե ԱՄՆ, թե Եվրոպայի, թե Ռուսաստանի, թե նույնիսկ գուցե Իրանի եւ Վրաստանի հետ, որոնք թերեւս վեր են Թուրքիայի ուժերից, քանի որ այդ պետություններից ամեն մեկը յուրովի է դեմ Թուրքիայի տարածաշրջանային առաջատարությանը: Բայց եթե կան անելու դեռ շատ այլ դժվար ու բարդ կատարվելիք քայլեր, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան այդքան հեշտ կհրաժարվի այն քայլից, որը կատարելը կարծես թե այդքան էլ մեծ ջանք չի պահանջում: Սպառնալիքն այն է, որ Ադրբեջանը կարող է թուրքերից նեղանալ: Բայց, մյուս կողմից, իսկ ինչ պիտի անի, եթե նեղանա: Միեւնույն է, Ադրբեջանը որեւէ այլ պետության մեջ չի կարող գտնել այն, ինչ կգտնի Թուրքիայի մեջ: Ադրբեջանը կարող է իր գազը ռուսներին տալ, նավթը տալ ամերիկացիներին կամ եվրոպացիներին, կարող է այրել թուրքական դրոշներն ու Թուրքիայի առաջին դեմքերի նկարները, կարող է ընդհանրապես խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Բայց հազիվ թե Բաքուն չի գիտակցում, որ դա իր խնդիրների լուծում չէ եւ այդպես միայն ինքն իրեն է վնասելու: Այնպես որ, Անկարան ու Բաքուն թերեւս լավ գիտեն, որ Բաքվի դժգոհությունը մինչեւ որոշակի սահման է, ու դրանից հետո այն այլեւս չի խորանա, եթե իհարկե Ադրբեջանում հիմարներ չեն իշխանության ղեկին: Հետեւաբար բավական մեծ է հավանականությունը, որ Թուրքիան այդուհանդերձ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Խնդիրը պարզապես այն է, թե երբ տեղի կունենա այդ վավերացումը: Դա արդեն կախված է Թուրքիայի հաշվարկներից, կախված է նրանից, թե Թուրքիան ինչ նպատակներ կդնի վավերացման գործընթացում եւ կփորձի այդ գործընթացը ծառայեցնել իր այդ նպատակների լուծմանը: Այսինքն, վավերացման գործընթացը Թուրքիան կարող է ծառայեցնել որպես գերտերությունների հետ այլ հարցերում բանակցելու կապիտալ: Այնպես որ, մեր քաղաքական-հասարակական միտքը թերեւս ավելի լավ կանի Թուրքիայի հարցում գուշակությունների փոխարեն զբաղվի այն հարցով, թե ինչ է անելու Հայաստանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment