Wednesday, December 9, 2009

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲԻՑ ԱՆԴԻՆ

«Լրագիր» 9-12-2009- 1988 թ., երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, մարդկանց շատ էր հետաքրքրում, թե ինչ են ասում ու խոսում հայերի մասին դրսում: Դա ինչ որ առումով բնական էր, որովհետեւ նոր էր բացվում երկաթյա վարագույրը, “բացահայտվում էր” աշխարհը, այն ավելի մոտ ու անմիջական էր դառնում: Եւ, ըստ այդմ, բնական էր թե հետաքրքրությունն այդ ամենի վերաբերյալ, թե նաեւ մարդկանց վերաբերմունքն այդ ամենի հանդեպ: Խորհրդային ստրկական վիճակում ապրած ժողովրդի համար խիստ կարեւոր էր, թե իր մասին ինչ էր խոսում ասենք Մոսկվան, կամ Ամերիկան, կամ Եվրոպան, ով ինչ էր մտածում եւ այլն: Եւ դրանից մարդիկ կամ ոգեւորվում էին, կամ վհատվում-հուսահատվում, նայած այդ պահին ինչ էին ասում մեր մասին: Եւ դա դարձավ քաղաքական բախտախնդիրների, ազգի փրկիչների, կեղծ մարգարեների, “ասֆալտի ֆիդայիների” համար պարարտ միջավայր՝ լուծելու սեփական խնդիրները: Սակայն կար մարդկանց մի փոքրաքանակ խումբ, հիմնականում Ղարաբաղում, որն անտարբեր էր այդ ամենի հանդեպ: Նրանց բացարձակապես չէր հետաքրքրում, թե ով ինչ կասի մեր մասին. նրանք քննարկում էին իրավիճակը, ընդունում որոշումներ եւ ամեն գնով իրագործում այդ որոշումները: Նրանց իրենց ճանապարհից չէր կարող շեղել ոչինչ՝ ոչ աշխարհի գովքը կամ պարսավանքը, ոչ էլ երեւանյան ասֆալտին ազգ փրկողները: Եւ նրանց ջանքի շնորհիվ ձեռք բերվեց հաղթանակը, որի հետ հաշվի նստեցին բոլորը: Ներկայում, հայ-թուրքական զարգացումների ֆոնին, կրկնվում է գրեթե նույնը: Հայ քաղաքական կոչված էլիտան, մամուլը մի իսկական “որս” են սկսել, թե ով ինչ ասաց մեր մասին աշխարհում, բայց հատկապես՝ Թուրքիայում ու Ադրբեջանում: Ու ըստ դրա էլ եզրակացություններ անում, որոնց իմաստը նույնն է՝ աշխարհը մեր դեմ է, դրանից բխող մյուս ներքին ու արտաքին եզրակացություններով: Սրա պատճառները գրեթե նույնն են, ինչ 1988-ին: Փաստացի, Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը 20 տարի չի բարձրացել այդ մակարդակից: Նույն կաղապարներն են, նույն կոնտինգենտը եւ նույն պահվածքը: Մանավանդ իշխանության մեջ: Սակայն վտանգն այլ տեղում է՝ արդյոք այս անգամ կլինի մարդկանց այն փոքր խումբը, որին հնարավոր չի լինի շեղել այս ողջ քաղաքական-տեղեկատվական աղբով: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments:

Post a Comment