Wednesday, December 9, 2009
Ղարաբաղյան հարցում առաջընթացի մասին հայտարարություններն արվում են «աչքերին թոզ փչելու համար»
Tert.am. 9-12-2009- Թուրքիան, հանդիսանալով Հարավային Կովկասում ամերիկյան շահերի հաղորդիչ, կարող է դառնալ տարածաշրջանային առաջնորդ, սակայն նրան կփորձեն խանգարել Ռուսաստանը և Իրանը, որոնք չեն ցանկանում Թուրքիայի և ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը տարածաշրջանում: Նման կարծիք Day.Az-ին հայտնել է Կասպյան տարածաշրջանի պետությունների քաղաքական հետազոտությունների հիմնադրամի հիմնադիր Վաֆա Գուլուզադեն:
Նրա խոսքերով` այս պահին Թուրքիան միջնորդի դեր է կատարում Արևմուտքի հետ՝ մի կողմից, և Սիրիայի ու Իրանի հետ՝ մյուս կողմից: «Այդ իսկ պառճառով էլ Թուրքիայի վրա լուջ խնդիրներ են դրվում»:
«Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը չի կարող մասնակցել ղարաբաղյան համակարտության լուծմանը, քանի որ նրանց համար այժմ այլ գերակայություններ կան: Վաշինգթոնի համար այժմ գերակա խնդիր է Մոկսվայի հետ հարաբերությունները, և նա չի ցանկանում Ռուսաստանի հետ հակասությունների մեջ մտնել Հարավային Կովկասի խնդիրների պատճառով»,- նշել է Գուլուզադեն:
Նա հերթական անգամ կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ը չի ցանկանում լուծել ղարաբաղյան խնդիրը, «և որևէ կամք նրանք չեն դրսևորելու»: «Ադրբեջանն էր, որ 1999թ. կամքի ուժ դրսևորեց, երբ մենք մոտ էինք ղարաբաղյան խնդրի լուծմանը: Սակայն այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանությունները ի չիք դարձրեցին բոլոր պայմանավորվածությունները»,- հայտարարել է քաղաքագետը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող ներկայիս հայտարարությունները Գուլուզադեն անվանել է «դատարկ զրույցներ, աչքերին թոզ փչելու համար», քանի որ «ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում որևէ լույս չկա»:
Նշենք, որ Վաֆա Գուլուզադեն 1990-1999թթ. զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով քաղաքականության խորհրդատուի պաշտոնը: Այս պաշտոնում նա մնացել է նախագահներ Այազ Մուսթալիբովի, Աբուլֆազ Էլչիբեի և Հեյդար Ալիևի նախագահության տարիներին:
No comments:
Post a Comment