Thursday, December 10, 2009

Վարչապետ. Մարդու իրավունքները պետք է հարգվեն

Panorama.am. 10-12-2009- Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով, մայրաքաղաքում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայասատանի Հանրապետությունում: Ձեռքբերումներ ու մարտահրավերներ» խորագրով կլոր սեղան: Կլոր սեղանի ժամանակ հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ըստ էության, մարդկության զարգացման պատմության մեջ նոր փուլի սկիզբ հայտարարեց: «Հռչակագրի նախաբանում հստակ նշված է, թե մենք ինչպես պետք է հասնենք նրան, որ մարդու իրավուքններն ընդունվեն ու հարգվեն: Պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ, որ լուսավորության ու կրթության ճանապարհով մարդկությունն ըմբռնի մարդու իրավուքների էությունն ու դրա համար համապատասխան միջավայր ու հնարավորություններ ստեղծվեն»,-ասաց Տ. Սարգսյանը: Վարաչապետի խոսքերով, հռչակագրում նկարագրված արժեհամակարգը յուրաքանչյուրի համար անհրաժեշտություն պետք է դառնա, առանց որի չի կարելի պատկերացնել բարեկեցիկ կյանք: Նա նշեց, որ ժամանակակից հասարակությունը` առանց մարդու իրավունքների ճանաչման ու հարգման, չի կարող զարգանալ: Ըստ Տ. Սարգայսնի, կառավարության պարտականությունն է ստեղծել այնպիսի մի միջավայր, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարողանա իրացնել իր Սահմանադրական իրավունքները, քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ արտացոլված են Մարդու իրավուքների հռչակագրի բոլոր` 31 դրույթները: Նա նաև նշեց, որ 2010 թվականին Հայաստանում անկցկացվելու է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագան» ֆորումը, և հավաստիացրեց, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու, այդ հավաքը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Բացի այդ, ինչպես հայտնեց վարչապետը, մարդու իրավուքների ոլորտում առկա է համագործակցության մի նոր ձևաչափ` «Եվրամիություն-Հայաստան» մարդու իրավուքնների երկխոսության ծրագիրը: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է 1948 թ-ին, իսկ 1950 թվականից դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների օրը: 1789 թ. ‎Ֆրանսիայում առաջին անգամ ձևակերպված հասկացությունը այսօր նոր ու առավել ամբողջական բովանդակություն է ստացել, հիմքում պահպանելով գլխավորը` ծննդից մարդն օժտված է անքակտելի իրավունքներով:

No comments:

Post a Comment