Saturday, December 12, 2009

Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ժիրինովսկի

Tert.am. 11-12-2009- «Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն», – նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` հանդես գալով Մոսկվայում Եվրոպական և ասիական մեդիաֆորումին, որը կազմակերպել էր РИА Новости-ի կողմից: «Այլապես Ադրբեջանը և Հայաստանը երբեք չեն պայմանավորվի, թե ում կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը: Ես հայամետ կամ ադրբեջանամետ դիրքորոշում չունեմ»,- նշել է ռուս քաղաքական գործիչը: Լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Ժիրինովսկին պատասխանել է. «Մենք չէինք ցանկանա, որպեսզի Թուրքիան այդ մերձեցումն օգտագործի ողջ Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու համար: Իսկ նման ծրագրեր նրանք ունեցել են»: Ռուսաստանին, նրա խոսքերով, խաղաղություն և հանգստություն է պետք Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Եթե դա ապահովվի, ապա թող Հայաստանը մերձենա ում հետ ցանկանում է, լինի դա Թուրքիան, Իրանը, Վրաստանը, թե Ադրբեջանը: Իսկ եթե ագրեսիա լինի, ապա մենք կկանգնենք զոհ-երկրի կողքին և ամբողջությամբ կոչնչացնենք ագրեսորին»,- եզրափակել է Ժիրինովսկին: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է 1991թ. սեպտեմբերի 2-ին։

No comments:

Post a Comment