Tuesday, January 12, 2010

ԱՊԱՐԴՅՈՒՆ ՄՍԽՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ

«Լրագիր» 12-1-2010- Տեսակետ կա, որ երբ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը համարվում է դրսից պարտադրված, աշխարհաքաղաքական նախագիծ, որին Հայաստանի իշխանությունը պարզապես ենթարկվում է, դրանով Հայաստանի իշխանության վրայից զգալիորեն հանվում է այդ ոչ հայանպաստ կամ ոչ հայաստանանպաստ գործընթացի պատասխանատվությունը: Դա իհարկե այդպես չէ: Եթե Հայաստանի իշխանությունն ընդամենը գործում է աշխարհաքաղաքական կենտրոնների թելադրանքով, դա ամենեւին չի նվազեցնում այդ իշխանության պատասխանատվությունը: Որեւէ երկրի իշխանություն չի կարող արդարանալ, թե իրեն միջազգային հանրությունն է այս կամ այն քայլը պարտադրել: Իշխանությունը հենց նրա համար է, որ ընդդիմանա անցանկալի պարտադրանքներին: Դրա համար է շատ կարեւոր, թե ինչ իշխանություն է երկրում եւ ինչպես է այն ձեւավորվում: Հետեւաբար, եթե ասվում է, որ հայ-թուրքական գործընթացը Հայաստանի իշխանության թեթեւամտության կամ պատեհապաշտության արգասիք չէ, այլ բավական մանրամասն պլանավորված աշխարհաքաղաքական սցենար, որում Հայաստանի իշխանությունն ընդամենը դերակատար է, ապա դա ամենեւին չի նշանակում, որ այդ դերակատարը ազատվում է պատասխանատվությունից: Ավելին, գուցե ամեն ինչ հակառակն է: Այսինքն, գուցե ավելի մեծ է պատասխանատվությունը այն բանի համար, որ իշխանությունը ոչ թե սեփական հաշվարկով կամ տրամաբանությամբ է գործում, այլ ընդամենը առաջնորդվում է աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով: Դա ընդհանրապես: Ինչ վերաբերում է հայ-թուրքական առկա գործընթացին մասնավորապես, ապա այս առումով մեծ հաշվով էական չէ, թե ով է դրա բուն սկզբնավորողը: Էականն այն է, թե արդյոք Հայաստանի կառավարման համակարգը, դրա ձեւավորման սկզբունքներն ու դրա որակը բավարար են աշխարհաքաղաքական այդօրինակ ընդգրկուն գործընթացում Հայաստանի պետական շահը բավարար մակարդակով սպասարկելու համար: Այդ հարցի պատասխանը թերեւս աներկբա է` բավարար չեն: Բավարար չեն, որովհետեւ Հայաստանի կառավարման համակարգը, դրա ձեւավորման սկզբունքները եւ դրա որակը հիմնված չեն օրինականության վրա: Թվում է, թե հայ-թուրքական գործընթացը որեւէ կապ չունի երկրի ներքին օրենքների հետ եւ նույնիսկ անօրինական սկզբունքով ձեւավորված իշխանական համակարգը կարող է հետամուտ լինել պետական ու ազգային շահին: Գուցե, բայց խնդիրը պետք է թերեւս դիտարկել ավելի լայն համատեքստում: Պետք է ընդունել, որ մեզ համար նպաստավոր, թե աննպաստ, վտանգավոր, թե անվտանգ հունով, այդուհանդերձ գործընթացը առաջ է գնացել: Ով է այն առաջ տարել, արդեն կարեւոր կամ վճռորոշ հարց չէ, քանի որ էականն այն է, որ այլեւս գործընթացը հետ շրջելը գործնականում անհնար է: Եթե նույնիսկ աշխարհաքաղաքական կենտրոնները չեն նախաձեռնել այն, միեւնույն է, նրանք արդեն բավականաչափ ներգրավվել են դրա մեջ եւ արդեն իրենց շահերն են հյուսել դրա վրա: Խոսք չի կարող գնալ գործընթացը հետ շրջելու մասին: Խոսք կարող է լինել միայն դրա շարունակության մասին, մասնավորապես այն բանի, որ Հայաստանը կարողանա շարունակության պարագայում մեղմ ասած ավելի արդյունավետ սպասարկի իր շահը, քան մինչ այժմ, անկախ այն բանից, թե ինչ դինամիկայով կլինի հայ-թուրքական գործընթացի շարունակությունը: Բանն այն է, որ այդ գործընթացը առնվազն մի քիչ ավելին է, քան պարզապես Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունը: Հետեւաբար Հայաստանի իշխանությունից եւ հասարակական-քաղաքական շրջանակներից պահանջվում է ավելին, քան զուտ հայ-թուրքական հարաբերության մասին դատողությունը: Պահանջվում է թերեւս լայն քննարկում այն մասին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի արագ փոփոխվող, ընդլայնվող եւ նոր որակ ստացող աշխարհաքաղաքական հարաբերություններում, որոնք մեր տարածաշրջանում թերեւս կառուցվում են հայ-թուրքական գործընթացի անվան տակ, Հայաստանը կարողանա սպասարկել իր շահը, ոչ թե սպասել, որ դա կանեն Ամերիկան, Ռուսաստանը կամ Եվրոպան, Թուրքիային այս կամ այն բանը ստիպելով կամ համոզելով: Իսկ դրա համար թերեւս այլ ճանապարհ չկա, քան իշխանության արմատին, կառավարման համակարգի ձեւավորման սկզբունքին եւ որակին անդրադառնալը: Կարելի է անվերջ խոսել հայ-թուրքական հարաբերության վտանգից, մինչդեռ այդ ընթացքում առկա համակարգը անշեղ կշարունակի իր գործունեությունը, քանի դեռ բառապաշարն ու էներգիան մսխվում են հետեւանքի, ոչ թե պատճառի վրա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment