Thursday, January 21, 2010
Գրկախառնության օր է. Հայաստանում էլ դեմ չեն գրկախառնվել
Aysor.am. 20-1-2010- Այսօր մի ամաչեք գրկախառնվել: Այսօր գրկախառնության միջազգային օրն է: Հենց այս օրն ամբողջ աշխարհում աղջիկներն ու տղաներն առանց որևէ ինտիմ ենթատեքստի ամուր գրկում են միմյանց: Այսօր կարելի է գրկել անգամ անծանոթներին: Թեպետ տոնը երիտասարդ է, սակայն ոչ ոք հստակ չի հիշում, թե որտեղի՞ց է այն առաջացել:
Վիքիպեդիան գրում է, որ այն հորինել է նախաձեռնող երիտասարդությունը` միայն թե անարգել կարողանա գրկել ում ցանկանում է, մանավանդ, որ դա հաճելի է և անգամ օգտակար:
Ընկերական գրկախառնումների ժամանակ մարդիկ դրական լիցքեր են փոխանցում միմյանց, իսկ գիտնականները պարզել են, որ կատարյալ երջանկության համար յուրաքանչյուր ոք օրական առնվազն 8 անգամ պետք է գրկախառնվի:
Հոգեբան Կարինե Քոչարյանն Aysor-ի հետ զրույցում պատմեց, որ ընկերական գրկախառնման ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր տաքությամբ:
«Հենց այդ ընկերական էմոցիաներն էլ երկարացնում են մարդկանց կյանքը: Կարողանալ գրկել դիմացինին, դա վստահության դրսևորում է, իսկ եթե վստահություն չկա դիմացինի հանդեպ, գրկախառնվելուց արագ հետ քաշվելու զգացողություն կառաջանա»,- ասաց հոգեբանը:
Նա նաև նշեց, որ հասուն տարիքում գրկախառնվելով որևէ մեկի հետ, մարդը մանկական ամենալավ ու մաքուր հիշողությունների գրկում է հայտնվում:
Այսպես, Բելգիայում հանգստացող մեր քաղաքացիներից մեկը հիշեց, որ մի քանի տարի առաջ Բելգիայի փողոցներից մեկում իրեն մոտեցան մի խումբ երիտասարդներ ու գրկեցին. «Սկզբից ես սարսուռ զգացի, ապա նայեցի կողքերս ու տեսա, որ բոլորն իրար գրկում են, անմոռանալի տպավորություններ ստացա: Այդ օրվանից անկեղծորեն սպասում եմ, որ Հայաստանում էլ այն տոն հռչակվի, թեև իմ շրջապատում ամեն տարի մենք նշում ենք այս օրը»:
Aysor-ի հարցումը ցույց տվեց, որ տղաները մեծ հաճույքով կգրկեին աղջիկներին, աղջիկները կամաչեին, բայց եթե տոն լիներ, ստիպված իրենք էլ կգրկախառնվեին, իսկ ահա տատիկներից մեկը նախանձով ասաց. «Է, ուր էր ես էլ ջահել լինեի, ես էլ կգրկեի, թե չէ մենք ամաչում էինք անգամ ամուսնու ձեռքը բռնած ման գայինք»:
No comments:
Post a Comment