Monday, January 11, 2010
Գ. Ալիբեյլի. Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությունն անարդյունավետ է
Panorama.am. 11-1-2010- Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, առաջին հերթին, բնութագրվում է կառավարող կառույցների անպատասխանատու գործունեությամբ, վարչական ռեսուրսների միջոցով քաղաքական գործունեության սահմանափակմամբ, մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ և տնտեսության բնագավառում կոռուպցիոն դրսևորումների առկայությամբ: Այս մասին, «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի «Այդինլար» կուսակցության ղեկավար Գուլամհուսեյն Ալիբեյլին:
Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա փոխհարաբերությունների մասին` Ալիբեյլին նշել է, որ, ցավոք, 2009 թվականի ընթացքում բոլորն էլ ականատես են եղել այս երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից միմյանց հասցեին արված անհիմն քննադատություններին:
Քաղաքական գործիչը կարծում է, որ այս ամենի պատճառն իշխանությունների կողմից վարվող անարդյունավետ արտաքին քաղաքականությունն է, ինչպես նաև` Բաքվի կողմից որդեգրված պրոռուսական ուղղվածությունը:
Ոչ վաղ անցյալում, Ադրբեջանի և Թուրքիայի միջև բանակցություններ էին ընթանում երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ, սակայն, ըստ Ալիբեյլիի, նշյալ բանակցությունները` ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, տապալվեցին: Որքան էլ կողմերը հայտարարեն, թե տեխնիկական խնդիրներ էին ստեղծվել և այդ պատճառով կողմերը համաձայնության չեկան, ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի:
Այնուհետև քաղաքական գործիչը անդրադարձել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև առկա փոխհարաբերություններին` նշելով, որ անհրաժեշտ է վերանայել Վաշինգտոնի հետ հարաբերությունները: ԱՄՆ գերտերություն է և ունակ է ազդեցություն գործել աշխարհի ցանկացած կետում ընթացող գործընթացի վրա:
Ինչպես հայտնի է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին մեծ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ: ԱՄՆ-ի նման աջակցությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել Ադրբեջանին: Ադրբեջանում համոզված են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու հայ-թուրքական սահմանի բացումը էականորեն կամրապնդի հայկական կողմի դիրքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում:
Սրա հետ մեկտեղ, Ալիբեյլին նշել է, որ չարժե ժխտել, որ Վաշինգտոնի գործունեությունը` Մինսկի խմբի շրջանակներում, անարդյունավետ է: Այս հարցի հետ կապված` խնդիրը մտահոգիչ է, քանի որ ԱՄՆ բացեիբաց Հայաստանին ագրեսոր չի համարում, ընդհակառակը` ֆինանսական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին:
No comments:
Post a Comment