Saturday, January 9, 2010

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ

Վրաստանի Մշակույթի նախարարությունը ցավակացական նամակ է հղել Վիրահայոց թեմին` Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման առիթով և տեղեկացրել, որ այժմ կատարվում են չափագրման աշխատանքներ, որից հետո կկազմվի վերականգման նախագիծը: Այս մասին հայտնել է թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հիշեցնենք, Թբիլիսիի 1356 թ կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին փլուզվել էր նախորդ տարի նոյեմբերի 19-ին, ինչի համար թեմը պատասխանատու համարեց Վրաստանի պետական կառույցներին. Վրաստանի պատրիարքարանը եկեղեցին հռչակել է «վիճելի», ինչի պատճառով Վիրահայոց թեմն իրավունք չի ունեցել երկար տարիներ վթարային համարվող այդ եկեղեցին վերանորոգել: «Իհարկե այդ նամակում չի գրվում, որ հայկական եկեղեցի է, բայց հայկականով է գրվում` Մուղնեցոց սուրբ Գևորգ, և եթե մեզ են իրենք ցավակցում այդ փաստի կապակցությամբ, բնական է` փաստացի ընդունում են, որ դա հայկական եկեղեցի է»-Report.am-ի հետ զրույցում նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի և թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Սակայն դիմումները մնացել են անպատասխան. Մուղնեցոց սուրբ Գևորգը Թբիլիսիի Նորաշեն, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երևանցոց Սուրբ Մինաս և Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների հետ վրաց պատրիարքարանի կողմից համարվում են «վիճելի», որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Սրբազանի փոխանցմամբ՝ թեմը շարունակում է աշխատանքներ տանել պատմական եկեղեցիների վերադարձման ուղղությամբ. «Մենք աշխատում ենք, որ ի վերջո վերադարձվեն այդ եկեղեցիները, հնարավորություն գտնենք նորոգել, որպեսզի դրանք ևս չարժանան Մուղնեցոց սուրբ Գևորգի և Շամխորեցոց սուրբ Աստվածածնի ճակատագրին (վերջինս փլուզվել է 1989-ին)»: ԳԻՏԱ ԷԼԻԲԵԿՅԱՆ Թբիլիսի

No comments:

Post a Comment