Thursday, February 18, 2010

Թուրքիայում աննախադեպ զարգացումներ դատախազության եւ իշխանության միջեւ

News.am. 18-2-2010- Թուրքիայում գլորվող ձնագնդի պես ծավալվում են փետրվարի 16-ին ձերբակալված Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալության հետ կապված իրադարձությունները` առաջացնելով իշխանություն-դատախազություն վտանգավոր դիմակայություն: Այս զարգացումը եւս կապ ունի տխրահռչակ «Էրգենեկոնի» գործի հետ: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործերը այնքան էլ նախանձելի չեն: Այս անգամ էլ Թուրքիայի դատախազական համակարգի զգալի հատվածը դեմ է դուրս եկել իշխող կուսակցությանը: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքն էլ, որ Թուրքիայի վճռաբեկ գլխավոր դատախազը համարյա վերջացրել է « Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակման հայցի պատրաստումը, ապա ամեն ինչ ավելի տխուր է երեւում: Ըստ թուրքական մամուլի` հայցի մեջ պահանջվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների արգելել զբաղվելու քաղաքականությամբ: Փետրվարի 16-ին ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Էրզինջանի (Երզնկա) նահանգային գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների բնակարանում եւ աշխատավայրում, որից հետո ձերբակալել է վերջինիս եւ տեղափոխել Էրզրում՝ հարցաքննության: 1968-ին Կարսում ծնված Ջիհաները ներկայիս պաշտոնին անցել է 2007-ին: Նրա հետաքրքրության ոլորտում անմիջապես հայտնվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքը հանդիսացող Գյուլենի իսլամական միությունը եւ Իսմաիլաղա կրոնական համայնքը, որոնց նկատմամբ սկսել էր հետաքննություն անցկացնել: Արդեն T24.com.tr կայքում հրապարակվել են Իսմաիլաղա համայնքի հեռախոսային խոսակցությունները, որոնց գաղտնի լսելու հրամանը արձակել էր հենց Ջիհաները: Էրզրումի Հատուկ գործերով դատախազ Օսման Շանալը ձերբակալման հրաման է արձակել ""Էրգենեկոնի" անդամ լինելու" եւ «պաշտոնական դիրքը չարաշահելու» մեղադրանքով: Պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքը կապված է շինարարական աշխատանքներում խոշոր չարաշահումների հետ, որոնց պատճառով արդեն Թունջելիի դատարան հայց էր ներկայացվել եւ Ջիհաների համար պահանջվել 26 տարի ազատազրկում: Սակայն, քանի որ մեղադրվողը առաջին կարգի դատախազն է, ապա անհրաժեշտ է, որ նրա գործը քննվի վճռաբեկ դատարանում: Երկրորդ մեղադրանքը` «Էրգենեկոնի անդամ լինելը» ձերբակալման հիմնական ձեւակերպումն է դարձել: Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալությանը աննախադեպ ձեւով է պատասխանել Թուրքիայի «Դատավորների եւ դատախազների գլխավոր խորհուրդը», ում կողմից միանգամից հրաման է արձակվել Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալման հրամանը տված Էրզրումի հատուկ իրավասության դատարանի բոլոր դատախազներին հեռացնել աշխատանքից: Այսպիսով Էրզրումի հատուկ իրավասության դատարանում ոչ մի դատախազ չկա, որ շարունակի ձերբակալված գլխավոր դատախազի գործը: Թուրքական Aktifhaber-ի թղթակցի պնդմամբ` այս ամենը հնարավորության կտան, որ « Դատավորների եւ դատախազների գլխավոր խորհուրդը» նշանակի իրեն ցանկալի դատախազների, ովքեր կփակեն հիշյալ գործը: Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալումը եւ այնուհետ ձերբակալման հրամանը արձակող Էրզրումի Հատուկ իրավասության դատախազների աշխատանքից հեռացումը «Դատավորների եւ դատախազների գլխավոր խորհուրդի» կողմից ստիպում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ խորհրդակցություն անցկացնի: Վարչապետի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է փոխվարչապետ Բյուլենտ Առինչը, ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, արդարադատության նախարար Սեդուլահ Էրգինը եւ իրավապահ համակարգին առնչվող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել արդարադատության նախարար Սեդուլահ Էրգինը` քննադատելով «Դատավորների եւ դատախազների գլխավոր խորհուրդի» որոշումը եւ նշել, որ խորհուրդը նման որոշում կայացնելու իրավասություն չուներ: Էրգինը քննադատել է նաեւ «Դատավորների եւ դատախազների գլխավոր խորհուրդի» որոշմանը աջակցած Պետական խորհրդի նախագահին եւ վճռաբեկ դատարանի նախագահությանը: Արդարադատության նախարարի այս կոշտ հայտարարությանը նույն կերպ կոշտ է պատասխանում «Դատավորների եւ դատախազների գլխավոր խորհուրդի» նախագահ Քադիր Օզբեկը` ասելով. «Ցավոք նախարարը հասարակությանը սխալ տեղեկություններ է հաղորդում»: Իշխանություն-դատական համակարգ հակամարտությունը այնքան էլ անակնկալ չէ: Բավական է միայն հիշել «Էրգենեկոնի» գործով ձերբակալված անձանց նկատմամբ դատարանների վերաբերմունքը: Խիստ մեղադրանքներով ձերբակալված շատ անձինք ուղղակի լավ ժամանակ են անցկացնում արդարադատության նախարարության հիվանդանոցներում: Այս երեւույթի դեմ բողոքող թուրքական Vakit թերթի խմբագրին հասցրեցին ձերբակալել եւ 5 ժամ բացատրություն ստանալուց հետո նոր ազատ արձակել: Առջեւում կարեւոր իրադարձություններ են: Թուրքական հասարակությունը հերթական սկանդալների ականատեսը կլինի: Անդրանիկ Իսպիրյան

No comments:

Post a Comment