Thursday, March 4, 2010

Կոնգրեսում Ցեղասպանության բանաձևի քննարկմանը կմասնակցի Մեծ եղեռնը վերապրած, 105–ամյա Սիրարփի Խոյանը

Tert.am. 4-3-2010- Այսօր Վաշինգտոնի ժամանակով ժամը 10.00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի նախագծի քվեարկությունը: Լսումներին և քվեարկությանը կմասնակցեն ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներ` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ղեկավար Քեն Խաչիկյանի և ANCA-ի Արևմտյան գրասենյակի ղեկավար Աիդա Դեմեջյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի նիստին նաև կմասնակցեն Հայոց ցեղասպանությունից փրկված Սիրարփի Խոյանը, որը ծնվել է Ստամբուլում և 105 տարեկան է, 97-ամյա Քնարիկ Էմինյանը, որը ծնվել է Զմյուռնիայում (Իզմիր) և 98-ամյա Շարլոտտա Քեչեջյանը Նիհդայից (Թուրքիա): Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը «վետո» կիրառեց Ներկայացուցիչների պալատում, և բանաձևն այդպես էլ չքննարկվեց Սենատի լիագումար նիստին: Ադամ Շիֆը և Մարկ Քըրքը 2009թ. բանաձևը կրկին ներկայացրեցին Կոնգրես: Ներկայացուցիչների պալատում թիվ 252 բանաձևը այժմ արդեն 134 կողմնակից ունի: Նմանատիպ բանաձև ներկայացվել է նաև Սենատում:

No comments:

Post a Comment