Thursday, March 4, 2010
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵԶՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՆԱՀԱՆՋԵԼՈՎ 2005-Ի ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻՑ
«ԱԶԳ», 04-03-2010- «Դաշնային սեւ-դեղին նոր կառավարությունն էլ օսմանյան կայսրությունում հայերի 1915-16-ի կոտորածները ցեղասպանություն բառով չի աստիճանավորում, գրում է գերմանական «Դեր թագեսշպիգել» թերթըՙ մարտի 1-ի համարում հրատարակելով Մաթթիաս Մայսների «Կառավարությունը թաքնվում է պատմաբանների թիկունքում» հոդվածը: Հիշյալ հեղինակը, ում հրատարակությունների մասին իրազեկել ենք մեր թերթի ընթերցողներին, այն սակավաթիվ լրագրողներից է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ շարունակական, հետեւողական աշխատանք է իրականացնում: Այս վերջին հոդվածում հեղինակը տեղեկացնում է, թե Բունդեսթագի ձախ խմբակցության հարցմանն ի պատասխան արտգործնախարարության պետնախարար Կորնելիա Փիիփերը (Ազատ դեմոկրատական կուսակցություն) գրավոր պատասխանել է, թե կառավարությունը ողջունում է «ողբերգական իրադարձությունների» հետագա հետազոտումըՙ արժեւորումը վերապահելով «անկախ պատմաբաններին»: Վերանայումը «առաջին հերթին երկու երկրներիՙ Թուրքիայի եւ Հայաստանի խնդիրն է»: Գիտնականների տվյալներով, երիտթուրքերի տիրապետության ժամանակ 1,5 միլիոն հայ է մահացել:
Հինգ տարի առաջ կարմիր-կանաչ կոալիցիոն կառավարության տարիներին Բունդեսթագն իր ափսոսանքն էր հայտնել, միաձայն ընդունել «հայերի կազմակերպված տեղահանման ու ոչնչացման» բանաձեւը: Ձախ քաղաքական գործիչ Կատրին Վերները, որ նախաձեռնել էր հարցապնդումը, քննադատել է կառավարության պատասխանըՙ այն որակելով «փախուստ քաղաքական պատասխանատվությունից»: Այս հրաժարումով կառավարությունը նույնիսկ Բունդեսթագի երբեմնի որոշումից է հետ գնում, հայերի ողբերգական ճակատագիրը որպես պատմական ճշմարտություն ընդունելու փոխարեն: Դաշնային կառավարության կեցվածքը «վկայում է պատմությունը մոռանալու եւ քաղաքական անպատասխանատվության մասին», ասել է Վերները, որը պառլամենտի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է:
Ընդհանուր առմամբ դաշնային կառավարությունը վավերացնում է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցմանն ուղղված կարեւորագույն քայլերը: Վերջերս կողմերը «նշանակալի քաղաքական կապիտալ են ներդրել»ՙ երկկողմանի բնականոն հարաբերությունների հասնելու համար:
Վկայակոչելով ԵՄ հանձնաժողովի 2009-ի հոկտեմբերին Թուրքիայի մասին զեկույցում առկա առաջընթաց քայլերը, Փիիփերը գրում է, թե թուրքական հանրության մեջ դեռեւս կա հրապարակային եւ ազատ բանավեճՙ նաեւ դժվարին հարցերի մասին: Բայց ազատ կարծիք արտահայտելու վերանայման տեսակետից, ինչպես նախկինում, թուրքական օրենսդրությունը բավարար երաշխիքներ չի բովանդակում:
5 տարի առաջ Բունդեսթագն իր բանաձեւում պաշտպանեց նաեւ հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմությունը դաշնության կրթության քաղաքականության խնդիր դարձնելը: Փիիփերը չի առարկում հարցման հեղինակի այն պնդմանը, թե Ցեղասպանությունը միայն Բրանդենբուրգում է պատմություն առարկայի ուսումնական պլանում, այդուհանդերձ վկայակոչելով դաշնային իրավասությունների կարգը, ըստ որի երկրամասերի խնդիրն է պատմության ուսումնական պլանը կազմելը:
Անցյալ գումարման օրենսդիր մարմնում ձախ խմբակցությունը հայերի կոտորածների արժեւորման վերաբերյալ ներքին լարված հակամարտություն էր արձանագրել: Գերմանիայի թուրքական համայնքի երկարամյա նախագահ պատգամավոր Հաքքի Քեսքինը կասկածի տակ էր առել, թե 1915-16-ին հայ ժողովրդի ոչնչացումը նախապատրաստված էր ու ցանկության արդյունք: Հարյուրհազարավոր թուրքեր էլ են այն ժամանակ սպանվել, երկու կողմն էլ անհամար զոհեր ու ծանրագույն ցավ են ապրել, ասել էր նա: Ի հեճուկս խմբակցության հնչեցրած քննադատության Քեսքինը պնդել էր իր տեսակետը: Բունդեսթագի 2009-ի սեպտեմբերին կայացած ընտրություններում նա չի վերընտրվել: (Վերոհիշյալի մասին «Ազգը» գրել է ժամանակինՙ 19.12.2006-ի, 09.05.2007-ի իր հրապարակումներում):
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
No comments:
Post a Comment