Thursday, March 4, 2010
Այսօր ԱՄՆ Կոնգրեսի պրոֆիլային հանձնաժողովում տեղի է ունենալու 252 բանաձեւի քվեարկությունը
/PanARMENIAN.Net/ 04.03.2010 - Այսօր Վաշինգտոնի ժամանակով ժամը 10.00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի քվեարկությունը: Լսումներին եւ քվեարկությանը մասնակցելու են ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ղեկավար Քեննեթ Խաչիկյանի եւ ANCA Արեւմտյան բաժանմունքի ղեկավար Աիդա Դեմեջյանի գլխավորությամբ: Հանձնաժողովին նաեւ մասնակցելու են Հայոց ցեղասպանությունից փրկված Սիրարփի Խոյանը, որը ծնվել է Ստամբուլում 1905-ին, Քնարիկ Էմինյանը, ծնված 1913-ին Սմիրնայում (Իզմիր) եւ 98-ամյա Շարլոտտա Քեչեջյանը Նիհդայից (Թուրքիա):
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
No comments:
Post a Comment