Wednesday, March 3, 2010

«Չեթհըմ հաուզ»-ն ընդունել է սխալը. «ֆուտբոլային դիվանագիտությունը» Գյուլինը չէ

Panorama.am. 3-3-2010- Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը` «Չեթհըմ հաուզ»-ը (Chatham House) հայկական «Արմինֆո» գործակալության միջնորդության արդյունքում շտկել է Աբդուլա Գյուլի ծառայությունների վերաբերյալ թույլ տված բացթողումը: Աղբյուրի հաղորդմամբ, նախորդիվ Chatham House-ը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հայտարարել է 2010թ. «Chatham House Prize» մրցանակի շնորհման թեկնածու, և Թուրքիայի նախագահի ունեցած ծառայությունների շարքում նաև նշել է` «նրա առաջատար դերը Թուրքիայի և Հայաստանի հաշտության աննախադեպ գործընթացի արագացման գործում՝ ներառյալ իր «ֆուտբոլային դիվանագիտությունը»»: «Արմինֆո» գործակալությունն այս առնչությամբ միջնորդություն է ներկայացրել Chatham House-ին` մատնացույց անելով, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախաձեռնողը ոչ թե Աբդուլա Գյուլն է, այլ` Սերժ Սարգսյանը, և ավելին` «ֆուտբոլային դիվանագիտությունն» ամենևին էլ Աբդուլա Գյուլինը չէ, ինչպես ներկայացված է եղել Chatham House-ի կայքում: Աղբյուրի հաղորդմամբ, Chatham House-ի ներկայացուցիչ Նիկոլ Նորթոնը (Nicola Norton) կապնվել է և հայտնել, որ իրենց այս միջնորդությանը թագավորական ինստիտուտի կառավարման խորհուրդն արձագանքել է ու շտկել իրավիճակը: Արդյունքում պաշտոնական կայքի ձևակերպումը փոփոխության է ենթարկվել ու ներկայացվել հետևյալ կերպ. «Նախագահ Գյուլն իր հայ գործընկերոջ հետ միասին առաջատար դեր է խաղացել Թուրքիայի և Հայաստանի հաշտության աննախադեպ գործընթացի արագացման գործում` ներառյալ «ֆուտբոլային դիվանագիտությունը»»: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, Նիկոլ Նորթոնը տեղեկացրելէ, որ ինստիտուտի կառավարման խորհուրդը չի մեկնաբանել, թե ինչ պատճառներով է Աբդուլա Գյուլի թեկնածությունը ներկայացվել «Chatham House Prize» մրցանակին: Նա միայն նշել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը նախագահ Գյուլի ծառայությունների ցանկում ընդամենը մեկն է: Ըստ Chatham House-ի, Աբդուլա Գյուլը նշանակալից դերակատարություն ունի ինչպես երկրի ներսում այնպես էլ միջազագային հարաբերություններում հաշտեցման և զսպման քաղաքականությունն առաջ մղելու գործում: «Նախագահ Գյուլը շարժիչ ուժ է մի շարք դրական գործընթացներում, որոնք վերջին տարիներին իրականացրել է Թուրքիան: Գյուլն աշխատել է Մերձավոր Արևելքի հետ Թուրքիայի ավանդական կապերն ամրապնդելու համար, Իրաքի տարբեր խմբավորումների միջև լարվածությունը չեզոքացնելու հարցում հանդես է եկել որպես միջնորդ, 2009 թվականին միմյանց միջև հակամարտությունը հարթելու փորձի ժամանակ ջանքեր է գործադրել Աֆղանստանի ու Պակիստանի ղեկավարությանը մերձեցնելու ուղղությամբ: Գյուլը նաև էական ջանքեր է գործադրել Կիպրոս կղզու վերամիավորման համար»,- ասված է Chatham House-ի կայքում: Նշենք, որ «Chatham House Prize» մրցանակի համար առաջադրված մյուս երկու թեկնածուներն են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կրիստին Լագարդն ու Խորվաթիայի նախկին նախագահ Սսյեպան Մեսիչը:

No comments:

Post a Comment