Wednesday, March 10, 2010

Րաֆֆի Օհանյանը նաև շախմատի չեմպիոն է

Report.am. 10-3-2010- «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար–4» նախագիծը մոտենում է ավարտին։ Եզրափակիչում մնացել են երկուսը՝ Րաֆֆին և Ռայիսան։ Նրանք արդեն ներկայացրել են իրենց վերջին կատարումները և սպասում են քվեարկության արդյունքներին, որոնք կամփոփվեն կիրակի։ Tert.am–ը զրուցել է եզրափակիչ փուլ հասած երկու մասնակիցների հետ։ Րաֆֆի Օհանյանը ծնվել է 1989թ. օգոստոսի 11-ին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ Ութ տարեկանից զբաղվել է շախմատով և տասնչորս տարեկանում, մասնակցելով Հալեպի շախմատի առաջնությանը, դարձել է առաջին հայ չեմպիոնը։ Ավարտել է Հայ բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո գործող՝ Հալեպի Նաճարյանի անվան կենտրոնական վարժարանը։ - Առաջին անգամ ե՞րբ ես եկել Հայաստան։ - Եղբայրս մի քանի տարի առաջ սովորում էր Հայաստանում, երբ հայրս որոշեց, որ ամբողջ ընտանիքով, պետք է տեղափոխվենք Հայաստան մշտական բնակության, և արդեն ութ տարի է՝ ընտանիքով՝ հայրս, մայրս, եղբայրս, քույրս և ես ապրում ենք այստեղ` հայրենիքում։ Ներկայում սովորում եմ Եվրոպական համալսարանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետի Կիրառական ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ - Հայաստանում քեզ ի՞նչն է դուր գալիս - Առհասարակ, ամեն ինչ. հայրենիքում միշտ էլ լավ է։ Հատկապես սիրում եմ հայ աղջիկներին և դեռ փնտրում եմ այն մեկին, որը միշտ կողքիս կլինի… - Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը - Շատ լավ. առանց քննադատության հնարավոր չէ թացը չորից տարբերել, եթե, իհարկե’, առողջ քննադատություն է։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ հումորով եմ մոտենում քննադատությանը։ - Միշտ համաձա՞յն ես ժյուրիի կարծիքի հետ։ - Ոչ միշտ, հատկապես վերջին համերգների ընթացքում… Երբ ես վատ եմ ելույթ ունենում, ես ինքս եմ առաջին հերթին խոսում դրա մասին։ - Հավատու՞մ ես, որ դու ես հաղթելու - Այո’, հավատում եմ, քանի որ հավատում եմ այն մարդկանց, ովքեր վստահում են ինձ։ Նրանց մեծ հավատն է ինձ ստիպում հավատալ. ես վստահ եմ իմ ուժերի վրա, սակայն միակողմանի վստահությունն այս դեպքում քիչ է. պետք է ինձ վստահեն, իսկ այսօր ժողովրդի կողմից իմ նկատմամբ ցուցաբերած վստահությունը ինձ թույլ է տալիս հավատալ հաղթանակիս։

No comments:

Post a Comment