Wednesday, March 3, 2010

ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳ

Վահրամ Սողոմոնյան. քաղաքագետ, մասնագիտացումը` Եվրոպական ինտեգրացիայի Հարավային Կովկասում ռեգիոնալ քաղաքականություն -Այսօր, Հայաստանի ներկայիս վիճակի մասին խոսելով, մեր զրուցակիցներն ասում են, որ մենք ներսում պետք է ինքնակազմակերպվենք, որ պետք է իմանանք` ի վերջո ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել: Ձեր տեսանկետն այս կապակցությամբ: -Ներկայիս ստեղծված իրավիճակին շատ են գնահատական տվել այս շարքում, և դրա համար ավելի շատ կուզենայի շեշտը դնել արդեն հնարավոր և անհրաժեշտ փոփոխությունների վրա: Իմ կարծիքով` Հայաստանը կարող է փոխվել միմիայն արժեքային պատկերացումների փոփոխման միջոցով, այլապես ցանկացած իշխանափոխություն նոր հիասթափություններ է բերելու: Ահա այն կարևոր արժեքները, որոնք վերաիմաստավորման կարիք ունեն. 1. Առաջին ու ամենաէական խնդիրը բացակայող իրավահավասարությունն է։ Բոլոր մակարդակներում (ընտանիք, եկեղեցի, քաղաքականություն, համալսարան և անհատական մտածողություն) ավտորիտար փոխհարաբերություններ են տիրում: Դրանք և բոլոր ոչ ֆորմալ կախվածությունները պետք է մերժվեն: 2. Շատ կարևոր է հայ կնոջ դերի փոփոխությունը: Մի կողմից աստվածացվող կինը մյուս կողմից լիովին դատապարտված է` արժանանալով հասարակության նահապետական կառույցների կամայական վերաբերմունքին: Այս ամենն իր խորը հետևանքներն է թողնում նաև ժողովրդավարության ընկալման վրա: 3. Անհատի ազատությունն է, այսինքն` լիակատար ինքնադրսևորման միջավայրը: Պետությունը պետք է հենվի ոչ միայն ընտանիքի, այլ նախևառաջ ազատ մարդու վրա: 4. Սոցիալական արդարության ու ընդհանրապես արդարության ընկալումն է: Տեսեք, թե ինչպես են չորս կողմից հեգնում սոցիալական իրավունքները կամ արդարության ցանկացած պահանջ: Սա մի թաքնված կոդ է. փաստորեն պարսավելի է արդարություն պահանջելը: Իրականում մենք ծարավ ենք սոցիալ-դեմոկրատիայի: Եվ վերջապես, պետք է ձևավորել հրապարակային բողոքի մշակույթ ու մեծացնել մարդկանց քաղաքական ներգրավվածությունը: Այն քննադատությունը, որը գաղտնի է հնչում, հասարակական արժեք չի ներկայացնում: Արևելյան բազարներում մտքերի փոխանակությունից ժողովրդավարական երկրի քննարկումը տարբերվում է նրանով, որ այն հրապարակային է: Սրանք փոփոխություններ են, որոնց կարող են հասնել միայն հասարակական ուժերը և շարժումները: Դրանց նախադրյալներ կարող են լինել երիտասարդ բնապահպանների շարժումը, այլընտրանքային արվեստի կրողները, ռոքը, արհմիությունները, բողոքի խմբերը և այլ շարժումներ: Արդյունքում, մենք չպետք է ունենանք երկակի իրականություն. մեկը մեզ համար, մյուսը` աշխարհի: Մենք պետք է գլոբալացնենք մեր արժեքները և ոչ թե փակվենք մեր մեջ: Վերջապես մենք պետք է կրոնական համայնքից վերածվենք պետական ազգի: -Նկատի ունեք, որ դրան կարող են կամ պետք է հասնեն հասարակության մեջ ձևավորված նախաձեռնություննե՞րը, քննարկումնե՞րը: -Կապված Հայաստանում սկիզբ առած քննարկումների հետ... կարծում եմ` դրանցում ամենաէականը դիսկուրս ձևավորելն է: Մարդիկ կարող են քննարկել ցանկացած շեշտադրումով: Սակայն ի վերջո մասնակիցները կարող են համաձայնության գալ ինչ-որ արժեքների շուրջ: Նաև այդպես է ձևավորվում քաղաքացիական հասարակությունը, և ոչ միայն այն NGO-ներով, որոնք ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո քիչ է մնում փակվեն: Կարևոր է, որ քաղաքացիները միասնաբար ճշտեն, օրինակ, արդյոք քննադատելի է հարկեր չվճարելը, թե ոչ, կամ օրենք խախտելը, կամ օրինախախտին պատժելը, պետական մարմնից պահանջելը ... Այստեղ կարևոր է հաղթահարել երկատվածությունը: Օրինակ, շատերը քարոզում են համամարդկային արժեքներ, սակայն անհատական զրույցներում ասում են, որ Հայաստանում դրանց կիրառումը հնարավոր չէ: Ուրեմն տեսեք, որ էլիտան նույնպես անկեղծորեն չի հավատում իր ասածին։ Այն հասարակությունը, որը չունի կոնսենսուս արժեքների շուրջ, չունի նաև զարգացման ուղղություն: Չէ՞ որ բազմազանության մեջ ամենակարևորը դառնում է հենց ուղղությունը, իհարկե նորից համաձայնեցված ուղղությունը: -Ի՞նչ ասել է համաձայնեցված ուղղություն: -Պետք է ասել, որ մեր պետությունն, այնուամենայնիվ, ունի որոշ կայացած կառույցներ: Սակայն, մյուս կողմից, մենք չունենք քաղաքական միտք, որը կարգերի մասին մտածողությունն է: Դա ձևավորվում է վերնախավերի կողմից համապատասխան դիսկուրսներում: Բուհերը անօգնական են այդ հարցում, վերնախավերն էլ ցանկություն չունեն: Մյուս կողմից, ժողովուրդը չի տեսնում իր բողոքն արտահայտելու ձևը, երբ սեփական վերնախավերը հրաժարվում են քննարկել և միավորվել ինչ-որ արժեքների շուրջ: Արդյունքում ունենք այն վիճակը, որ քաղաքական դաշտը լիովին ապագաղափարականացվել ու նյութական պաշարների ապօրինի բաժանման, ֆեոդալականացման գործիք է դարձել: Սակայն այդ քննարկումները նեղ շրջանակներում են ընթանում: Այս առումով ինչ-որ զարգացում ակնկալելը որքանո՞վ է հավանական: Տեսեք, սա երկկողմանի ճանապարհ է: Մի կողմից, ժողովուրդը պետք է ձևավորի անարդարության գիտակցություն, ինչը չկա, կամ երբեմն ուժեղ ցասումով ի հայտ է գալիս, ապա հօդս ցնդում: Ես նույնիսկ դեպքեր գիտեմ, երբ աշխատանքային կոլեկտիվը հավաքվում է և ստիպում ղեկավարությանը, որպեսզի այն հարկեր չվճարի և օրենքներ խախտի: Այսպիսի քաղաքացիներին օգնելն իհարկե շատ դժվար է: Մյուս կողմից, վերնախավերը վերջապես պետք է դիսկուրսներ վարեն երկրի այս կամ այն արժեքային կողմնորոշման մասին: Դրանք կլինեն արդեն հայկական արժեքներ: Իսկ ժողովուրդը ճիշտ պահին կմիանա, կձևավորվեն սոցիալական շարժումներ, և դա պատճառ կհանդիսանա կարգերի փոփոխության: -Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա հասարակությունը: Կարծես թե նրա ակտիվ զանգվածը սոցիալիստների և լիբերալների է բաժանվել: Որի՞ կողմնակիցն եք Դուք: -Ես կասեի` պահպանողականների և լիբերալների, որն, ըստ իս, շատ անբնական բաժանում է: Լավ, որ այդքան շատ պահպանողականներ կան իրենց քարացած կարծրատիպերով, դեռ կարելի է պատկերացնել: Բայց մի հսկայական հատված իրեն լիբերալ է համարում, ու ցանկանում է ամեն ինչ թողնել ինքնահոսի: Դա նաև նշանակում է, որ պարզապես որևէ կողմնորոշում չունի սոցիալական հարցերում: Այսինքն` ազատականությունն այստեղ ի հայտ է գալիս որպես մոտեցման բացակայություն: Պետք չէ այդքան թերահավատորեն նայել ձախ գաղափարներին: Դրանք են հիմնականում կանգնած եղել իրավունքի հաստատման ակունքներում: Տեսեք, թե ինչ է կատարվում Հունաստանում և Իտալիայում, որոնք մենթալիտետով մեզ` հայերիս, բավական մոտ են: Բիզնեսի հետ սերտաճած էլիտաներ, ձախողված տնտեսական քաղաքականություն, կոռուպցիա, մաֆիոզ երևույթներ, ընդհուպ մինչև պետական վիճակագրության կեղծում: Բայց այդ ամենի կողքին, ինչպիսի սոցիալական բողոք... որը մենք դեռևս չունենք: Գիտեք, հասարակությունը փոխելու մեր փորձերը նմանվում են «հավի թռիչքների», քանի որ հռչակածը ժողովրդավարական է, սակայն գործելակերպը` ավտորիտար: Ճիշտ է ասում Մանվել Սարգսյանը, որ ժողովուրդը կամովին հրաժարվեց պաշտպանել 90-ին իր իսկ կողմից հռչակված իրավունքները` թողնելով դրանք մի խումբ մարդկանց: -Գիտելիքի և մտքի հասարակություն դառնալու, դիսկուրս սկսելու համար խոչընդոտներ կա՞ն: Եվ այս առումով մեր պոտենցիալը բավարա՞ր է: -Գիտելիքի և մտքի հասարակություն դառնալու ճանապարհին ամենաառաջին խոչընդոտը մեր բուհերն են: Այնտեղ իսկապես զբաղված են անհատականություններին թևաթափ անելով ու ստեղծագործ միտքը սպանելով: Մատուցված նյութը կապ չունի հայկական իրականության հետ: Երիտասարդն արտագաղթում է ամենաուշը այն պահին, երբ բացահայտում է այդ անհամապատասխանությունը: Իմ կարծիքով, բուհերն այժմ արժեզրկում են նաև բուհական ռեֆորմը: Շատ բուհական աշխատողների ձեռնտու են միջակություններ, որոնք իրենց գիտելիքով հանկարծ չսպառնան սեփական աթոռին: Համակարգն էլ դա լեգիտիմացնում է վերևից։ Այն հաստատությունը, որը պետք է ազատ մտածել սովորեցներ, հարմարվողականություն ու հետադիմություն է քարոզում: Նման բովանդակությամբ կրթական համակարգ պահպանելու ամեն մի ժամն էլ ավելի է հեռացնում մեզ աշխարհից։ Դատարկ տեղում քաղաքականություն չի լինում. այն պետք է մշտական կապի մեջ լինի քաղաքագիտական մտքի հետ։ -Այս պայմաններում մեզ ի՞նչ է անհրաժեշտ կամ ի՞նչ է մնում անելու: -Մեզ անհրաժեշտ է ամրապնդել բողոքի իրավունքը: Ամեն ինչ հանդուրժելով և մասնակից չլինելով որոշումների ընդունմանը` մենք ի վերջո ավելի թանկ ենք վճարում: Բրեխտն ասում էր. «Նա, ով տանն է մնում պայքարի ժամանակ, չի կիսում պայքարը, սակայն կիսում է պարտությունը»: Հայաստանի ուժը կարող է լինել այն եզակի ազատ միջավայրի ստեղծումը, որը գրավիչ կլիներ նաև մեր հարևանների համար: Մենք կարիք ունենք ռեգիոնալ մտածելակերպի: Գիտեք, հաղթած ժողովուրդը պետք է նաև մեծահոգի և լայնախոհ լինի: Մենք պետք է գտնենք մեզ միավորող արժեքները և ստեղծենք դրանց ձուլակտորը` Սահմանադրության և օրենքների տեսքով: Այդ ժամանակ շատ ավելի դժվար կլինի հեռանալ մեր միասնությունը խորհրդանշող այդ աներևույթ կառույցից: Մեզ անհատների դրական օրինակներ, նախադեպեր են պետք: Մենք ` հայերս, դժվարանում ենք միավորվել, միանալ մյուսի կարծիքին, կամ քննարկել որևէ հարց` նախապես ընդունելով, որ արդյունքը կարող է լինել ընդհանուր հայտարար կամ համաձայնություն: Այս ամենը մշակույթ է, և համերաշխ հասարակության հիմքը: Մեր խնդիրն է շարունակել 20-րդ դարասկզբին կիսատ մնացած հայ լուսավորական շարժումը: Միայն այդ դեպքում կարող ենք արդիական պետություն ունենալ: Կարծում եմ, որ ժամանակն է դուրս գալ պահպանողական մշակույթի սահմաններից ու ավելի լայն ընկալել հայկական ինքնությունը: Մեր նորօրյա պատմությունը մեզ հիանալի առիթ է տվել շրջադարձ կատարելու`Արցախյան հաղթանակը: Մեր խնդիրը կայանում է նրանում, որ վերևից իջեցվող ժողովրդավարություն ենք սպասում: Այնինչ ժողովրդավարության համար պայքարն ամեն օր է: Այն ինքնահոս չէ: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 3-3-2010

No comments:

Post a Comment