Friday, March 12, 2010
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է «ՊՐՈՖԵՍՈՐ» ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ
«ԱԶԳ», 12-03-2010 - Մոսկվայում լույս տեսնող «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագիրը հեղինակավոր քաղաքականագիտական հրատարակություն է, որտեղ հանդես են գալիս համաշխարհային լիդերներ, բարձրաստիճան քաղաքական ու պետական գործիչներ, դիվանագետներ, քաղաքականագետներ, անվանի վետերաններ եւ այլք: Հանդեսի վերջին համարում «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանը» վերնագրով ընդարձակ հոդված է տպագրել «պրոֆեսոր», Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը քննության է առել ներկա համաշխարհային, տարածաշրջանային կացությունը, դրա նկատմամբ Թուրքիայի մոտեցումները, թուրք-ռուսական հարաբերությունները եւ այլն:
Անկեղծ ասած, հղանքի մեջ ինձ առաջին հերթին ապշեցրեց թուրք դիվանագետի մի արտահայտությունը. «... գլոբալ միջուկային Հոլոքոսթի վտանգը...»: Ի՜նչ էպիտետ, մարդասիրական մտքի ի՜նչ թռիչք հրեաների բռնի ոչնչացման փաստի ֆոնի վրա: Պարզվում է, որ թուրք չինովնիկը զգում է ցեղասպանության ողբերգականությունն ու վտանգավորությունը... եթե այն իրագործել են ուրիշները, բայց ոչ իր նախնիները: Ակամա հիշում ես նրա նենգ ժպիտը ցյուրիխյան ստորագրումների ժամանակ, ասես կանխաճաշակում էրՙ միեւնույնն է, բան դուրս չի գա...
Գեղեցկախոս է նախարարը, ինչը, թերեւս, ավանդաբար է ժառանգվում. «Թուրքիան հավատում է այնպիսի արդարացի եւ կայուն աշխարհակարգի ստեղծման հնարավորությանը, որն ի բարօրություն կծառայի բոլոր երկրների, յուրաքանչյուր հասարակության ու ամեն մի անհատ մարդու համար, անհրաժեշտ է սրտին մոտ ընդունել տարածաշրջանային խնդիրները. մենք կարող ենք եւ պետք է բարելավենք իրադրությունըՙ միմյանց առջեւ բացելով մեր մտքերն ու սրտերը»: Եվ այլն:
Հեղինակը բերում է Թուրքիայի արտաքին քաղաքականության վեց սկզբունք եւ երեք առանձնահատկություն, որոնք էլ նա ի մի է բերում հետեւյալ կերպՙ երկրի արտաքին քաղաքականությունը կողմնորոշված է ոչ թե դեպի ճգնաժամ, այլ դեպի երազանք եւ գալիք աշխարհակառուցվածքի ընկալում. ոչ թե պետք է սոսկ արձագանքել ծագող սպառնալիքներին, այլ ստեղծագործաբար մոտենալ կոնֆլիկտների լուծմանը. արտաքին քաղաքականությունը կրում է համակարգված բնույթ եւ ընդգրկում է միջազգային հիմնախնդիրների ողջ շրջանակը: Եվՙ ամենակարեւորըՙ բոլոր ուղենիշների նպատակն է ստեղծել «Թուրքիայի նոր կերպարը»: Պարզ էՙ ազնվատես: Ի դեպ, հիշյալ սկզբունքի մեջ հաճախ են հիշատակվում առնչություններ հարեւանների հետ:
Խոսելով թուրք-ռուսական հարաբերությունների մասինՙ Դավութօղլուն հատուկ ընդգծում է, որ Անկարան ու Մոսկվան տարածաշրջանի գլխավոր խաղացողներն են, որոնք էլ այնտեղ նպաստում են խաղաղության ու կայունության պահպանմանը: Նա խոր գոհունակություն է հայտնում երկու երկրների հատկապես տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացման կապակցությամբ. 2009 թվականին Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առեւտրական գործընկերն էր (22 միլիարդ դոլար):
Սակայն դառնանք մեր ոչխարներին: Իր հոդվածի մի զգալի մասը Դավութօղլուն նվիրել է հարավկովկասյան իրադարձություններին: Նա հանգամանորեն վերլուծում է տարածաշրջանի իրավիճակի թուրքական ըմբռնումները: Ադրբեջանի հարցում, բնական է, ոչ մի խնդիր չկա. բոլոր պարագծերով եղբայրական ցեղ է: Գրեթե «եղբայրական» է Վրաստանըՙ տարանցիկ միջանցքը: Իսկ ահա Հայաստանը... Իհարկե, Թուրքիան ձգտել է «իրենից կախված» ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իշխեն խաղաղությունն ու բարգավաճումը: Բայց հայերի կողմից «ադրբեջանական հողերի օկուպացումը»ՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդացրին իրադրությունը (մի ուրիշ տեղ նույնիսկ կոնկրետացվել է «օկուպացված» տարածքի չափըՙ 20 տոկոս): Ոչ մի անգամ չի հիշատակվում ցեղասպանությունը, նույնիսկ այդ բառը. Հայաստանի հետ հարաբերությունները բարդ են «հասկանալի պատճառներով», «իրավաբանական եւ հոգեբանական արգելքների» բերումով (ինչ է նկատի առնվումՙ չի բացահայտվում): Ավելին, թուրքերը «միակողմանի» ջանքեր են գործադրել նորմալացնելու հարաբերությունները, Ցյուրիխին նախորդել են «տիտանական» աշխատանք եւ ինտենսիվ բանակցություններ: Եվ ինչՙ հետեւել է... հայոց Սահմանադրական դատարանի որոշումը (երեւիՙ տխրահռչակ): Իսկ ահա «Զարգացող դեմոկրատիայի, աճող էկոնոմիկայի, մարդկային կապիտալի եւ բնական պաշարների շնորհիվ Ադրբեջանը դարձել է Կովկասի ձգողական կենտրոնը: Սակայն Լեռնային Ղարաբաղի չկարգավորված կոնֆլիկտը խանգարում է Ադրբեջանին եւ ողջ տարածաշրջանին»:
Հայերիս համար գուցե ոչինչ նոր բան չկա նշված եւ մյուս համանման ճամարտակություններում: Բայց չմոռանանք, որ այս ամենը նախատեսված է ռուսաստանցի ընթերցողների համար, նրանց է փորձում համոզել արդի երիտթուրքը, որ ամեն ինչում մեղավոր են ագրեսիվ հայերը եւ ոչ թե «ազնվասիրտ» թուրքերը: Էլ չենք խոսում «դեմոկրատական» Ադրբեջանի մասին:
Դավութօղլուն իր հոդվածում ոչինչ չի ասում նաեւ Հյուսիսային Կիպրոսի գրավման եւ թուրքացման մասին: Ի դեպ, այս կապակցությամբ ռուսահայերի մեջ հաճախ են խոսակցություններ տեղի ունենում այն հարցի շուրջը, թե ինչո՞ւ պաշտոնական Երեւանը գրեթե չի օգտագործում Կիպրոսի «օկուպացման» փաստն ընդդեմ «ադրբեջանական» Ղարաբաղի «օկուպացման»: Ի վերջո հույներն էլ մեր «եղբայրներն» են:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
No comments:
Post a Comment