Friday, March 5, 2010
Պոլսահայերը ստիպված են դեմ արտահայտվել Հայոց ցեղասպանության բանաձևին
Tert.am. 4-3-2010- Պոլսո հայոց համայնքը միշտ զգուշավոր է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ` հաշվի առնելով Թուրքիայում հայերի համար առկա վտանգը։
Այսօր, երբ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում դարձյալ հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, թուրքերը փորձում են պատմական այդ անհերքելի ճշմարտությունը ժխտել թուրքաբնակ հայերի բերանով:
Թուրքական Cihan գործակալությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի առնչությամբ փորձել է ճշտել պոլսահայ համայնքի ներկայացուցիչների կարծիքները:
Գործակալության հետ հարցազրույցում ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Իլյաս Ավջըն նշելով, որ ինքը չի աջակցում սփյուռքի` Հայոց ցեղասպանության առնչությամբ նախաձեռնություններին, հայտարարել է. «Ցեղասպանության հետ կապված որևէ բան չենք տեսել: Ի՞նչ կարելի է ասել մի բանի մասին, որը չկա: Դրանք Թուրքիայի դեմ խաղեր են: Մենք Թուրքիայում թուրքերի և մյուսների հետ ընտանիքի պես ենք ապրում: Մենք եղբայր ենք: Մենք բոլորս Թուրքիայի քաղաքացի ենք և երջանիկ ենք, որ թուրք ենք»:
Իսկ Դուրաք Յըլմազը հայտարարել է, թե Ցեղասպանության հարցով գերտերությունները փորձում են Թուրքիային նեղ վիճակի մեջ դնել. «Եթե նման իրադարձություն եղել է, անցել է 100 տարի: Ինչո՞ւ են այդ հարցը հիմա դնում Թուրքիայի առջև: Օտար պետությունները Թուրքիային դժվարին դրության մեջ դնելու համար նրան շանտաժի են ենթարկում»:
Մուրադ Բոլաթն էլ ընդգծել է, որ Թուրքիան րոպե առաջ պետք է լուծի իր դեմ ծառացած խնդիրները. « Ցեղասպանության հետ կապված մենք թուրք ժողովրդի հետ որևէ խնդիր չունենք: Որևէ բան չգիտեմ: Դա պատմաբանների գործն է: Թող պատմաբաննները ուսումնասիրեն և իրողությունները բացահայտեն»,– ասել է նա:
No comments:
Post a Comment