Wednesday, March 3, 2010

Հայկական արմատներ ունեցող թուրք դատավորը Նիդեռլանդներից քաղաքական ապաստան է խնդրում

Tert.am. 3-3-2010- Հայկական և քրդական արմատներ ունեցող թուրք դատավոր Չաղաթայ Չեթինը Նիդեռլանդների իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում: Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Չաղաթայ Չեթինը, ազատվելով աշխատանքից, 2010թ. հունվարի 15-ին բուլղարական կեղծ անձնագրով Թուրքիայից մեկնել է Նիդեռլանդներ և հանձնվել տեղի իշխանություններին: Չեթինը հայտարարել է, որ ինքը Թուրքիայում ենթարկվել է ճնշումների իր քաղաքական հայացքների ու հայկական և քրդական արմատներ ունենալու պատճառով: Այդ առնչությամբ դատավորը նամակ է գրել Թուրքիայի նախագահին և վարչապետին, սակայն մինչ օրս Աբդուլլահ Գյուլի և Թայիփ Էրդողանի կողմից պատասխան չի ստացել: Չաղաթայ Չեթինի խոսքով` Թուրքիայում իր կյանքը վտանգված է, իրեն սկսել են քրեորեն հետապնդել, իսկ օրենքի շրջանակում նա չի կարողանում պաշտպանել իր իրավուքները: Դատավորը տեղեկացրել է նաև, որ իր ծնողները անվտանգության նկատառումով նույնպես ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը: «Դատական համակարգը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, նրա նկատմամբ անընդհատ առկա են ճնշումներ և սպառնալիքներ: Դատավորներն աղոթում են, որ հանկարծ իրենց տիրույթում չհայտնվի որևէ քաղաքական գործ: Իսկ եթե հանկարծ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կամ իշխանությունների դեմ որևէ որոշում կամ տեսակետ արտահայտեք, անմիջապես ուղարկվում են Արդարադատության նախարարության տեսուչները»,- ասել է Չեթինը: Դատավորը հայտարարել է նաև, որ ինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավուքների եվրոպական դատարան. «Որևէ նյութական ակնկալիք չունեմ, դիմելու եմ իմ իրավունքների պաշտպանության համար»: Չեթինն ավելացրել է նաև, որ Թուրքիայում մեծ թվով դատավորներ և դատախազներ սպասում են քաղաքական ապաստան ստանալու իր դիմումի առնչությամբ Նիդեռլանդների իշխանությունների որոշմանը: «Եթե պատասխանը դրական լինի, մյուսներն էլ կարող են գալ այստեղ: Քուրդ դատավորների և դատախազների վիճակը Թուրքիայում շատ ճգնաժամային է»,- ընդգծել է Չաղաթայ Չեթինը: Firat գործակալության փոխանցմամբ` Չաղաթայ Չեթինը դատական համակարգում իր գործունեությունն սկսել է 2005թ. Էնեզի դատարանում, այնուհետև տեղափոխվել է Էդիրնեի դատարան: Իր գործունեության ընթացքում Չեթինը, դատական համակարգում հանդիպելով կաշառակերության և չարաշահումների դեպքերի, այդ մասին իրազեկում է Թուրքիայի Արդարադատության նախարարությանն ու Դատավորների և դատախազների գերագույն խորհրդին: Սակայն այդ մարմինները Չեթինի ներկայացրած տվյալներն ուսումնասիրելու փոխարեն նրա դեմ սկսում են հետաքննություն: Իսկ հետաքննության պատճառ են դառնում այն լուրերը, թե «Չեթինը, նշելով իր հայկական և քրդական արմատների մասին, հայտարարում է, որ հայերի և քրդերի դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել»:

No comments:

Post a Comment