Wednesday, March 10, 2010

Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում

/PanARMENIAN.Net/ 10.03.2010 - Միացյալ ազատական ազգային կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ հույս հայտնում, որ այն կներառվի Կոնգրեսի նիստերի օրակարգում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը: Բաբայանի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 252 բանաձեւի հնարավոր ընդունումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները քայլեր են ձեռնարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար: «Եվ եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա կարող են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության որոշակի փոփոխությունների հետ կապված խնդիրներ առաջանալ»,- նշեց նա: Բաբայանը նկատեց նաեւ, որ հաշվի առնելով վերը ասվածը, բոլորովին պատահական չեն Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի` Հայաստան այցելելու մասին խոսակցությունները, քանի որ այդ քայլով Մոսկվան ողջ աշխարհին ցույց կտա, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն իր ուշադրության գոտում է: Ինչպես նկատեց Վահան Բաբայանը, հայ-թուրքական մերձեցման գործընթացում մինչեւ ապրիլի 24-ը որոշակի տեղաշարժեր տեղի կունենան, եւ եթե մինչ այդ Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները, ապա գործընթացի ձախողման համար ողջ պատասխանատվությունը կկրի թուրքական կողմը: Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղարը շատ հոռետեսորեն է վերաբերվում Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման դեմ` կապված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հետ: «Թուրքիան ստիպված կլինի ընդհանուր լեզու գտնել Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաեւ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց նա: Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության առնչությամբ Բաբայանը նկատեց, որ պետք չէ հավատալ որոշ անձանց անիմաստ խոսակցություններին, թե իբր իրադրությունը երկրում բորբոքվում է կամ սոցիալական ընդվզում է տեղի ունենալու: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments:

Post a Comment