Saturday, March 13, 2010

Անկարայից Երեւանին՝ հերթական «ապրիլյան» ժեստեր

News.am. 12-3-2010- Թուրքիան խորապես անհանգստացած լինելով ԱՄՆ-ի եւ այնուհետ Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերից եւ մտածելով, որ այդ պրոցեսը կընդլայնվի, սկսել է իր հերթական «մինչ ապրիլ 24-ի» խաղերը։ Թուրքիան հիշում է, որ անցյալ տարի իրեն հաջողվեց սին խոսակցություններով աշխարհի ուշադրությունը գրավել Հայաստանի հետ ուր որէ բացվող սահմանով, հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ ինչպես ցույց տվեց ժամանակը, ապրիլի 22-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունից հետո ամեն ինչ սառեց մինչ օգոստոսի վերջին արձանագրությունների նախաստորագրումը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 հայկական օրինագծի ընդունումից հետո թուրքական իշխանությունների զայրույթը հետաքրքիր զուգադիպությամբ արագ անցավ։ Ու թուրքական մամուլը կրկին վկայակոչելով ինչ որ անանուն դիվանագետների, վստահեցնում է, որ Անկարան չի կապում ԱՄՆ-ի կողմից ընդունած Ցեղասպանության օրինագիծը հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Այս համատեքստում աչքի ընկավ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Թուրքիայի խորհրդարանում թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուի հայտարարությունը մինչ Երեւան ժամանելը։ Վերջինս հայտարարությունը աչքի էր ընկնում մի տեսակ հանդուրժողականության կոչով։ Իր խոսքում թուրք պաշտոնյան անհրաժեշտ է համարում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ նշում, որ ամեն դեպքում հայկական Սփյուռքը շարունակելու է Ցեղասպանության ճանաչման արշավը։ Իր յուրահատում մոտեցումով է հանդես գալիս թուրքական Sabah-ը, ըստ որի՝ Շվեյցարիայում արձանագրությունների ստորագրման գործընթացին մասնակցած թուրք դիվանագետները ուղղակի ռոմանտիկ խոսքեր են անվանում «արձանագրությունները մահացել են» արտահայտությունը։ Ըստ այդ անանուն դիվանագետների, արձանագրությունների վավերացման գործընթացում որեւէ անհանգստություն չկա եւ գործընթացը իր հունով գնում է։ Թուրքական Star-ը ավելի առաջ գնալով նշում է, որ Ղարաբաղի խնդրի լուծման պայմանով արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան կառաջարկի անվարձահատույց կառուցել Թուրքիա-Հայաստան եւ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ավտոճանապարը։ Թուրքական պարբերականը նույնիսկ հայտնում է, որ Երեւանում գտնված «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» այս մասին հայտնել է Հայաստանի ղեկավարությանը։ Ղարաբաղյան խնդրում հակամարտության կողմի կարգավիճակում հայտնված Թուրքիան ոչ ավել ոչ պակաս բավականին հեռուն գնացող նպատակներ ունի։ «Լաչինում անվտանգության ապահովման համար Թուրքիան ուժեր ուղարկելու առաջարկ է անելու»,-նշում է Star-ը, ինչ որ կանխատեսումներ անում Լաչինից եւ Քելբաջարից հայկական ուժերի ետ քաշման ժամկետների վերաբերյալ։ Ժամանակն է, որ Թուրքիան հասկանա, որ պրիմիտիվ եւ հին հնարքներով մի քանի անգամ չի կարող խաբել աշխարհին։ Եւ նման քաղաքականությունը դատապարտված է նորանոր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերով։ Արթուր Հակոբյան

No comments:

Post a Comment