Tuesday, March 2, 2010
Կ. Ղազինյան. ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային և խորհրդային գործող իրավունքի շրջանակներում
Panorama.am.2-3-2010- Բուդապեշտում այսօր տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը` նվիրված Արևելյան գործընկերությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահությամբ անցած նիստին ներկա են եղել Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Արևելյան գործընկերության մեջ ներառված պետությունների, բալթյան երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՀ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արևելյան գործընկերության իրականացման ներկա փուլը, ուրվագծվել ենբազմակողմ համագործակցության այն ոլորտները, որտեղ առավել արդյունավետ կլինի գործակցության այս ձևաչափը:
Համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը` նշելով, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանի պատրաստականությունը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում և հույս հայտնել, որ Արևելյան Եվրոպայի երկրների փորձն օգտակատար կլինի այս համատեքստում: Կարևորելով Գործընկերության ներքո իրականացվող միջոցառումների ապակենտրոնացումը` Կ. Ղազինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել բազմակողմ ձևաչափով կազմակերպվելիք որոշ հանդիպումներ, մասնավորապես` միջմարդկային շփումներին նվիրված պլատֆորմի շրջանակներում: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների և մարդկանց միջև շփումները: Նախարարի տեղակալը կարևորել է նաև Արևելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը` ընդգծելով, որ որոշ երկրների հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: Ի պատասխան ադրբեջանական կողմի դիտարկմանը, որ ԵՄ հստակորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Կ. Ղազինյանը նախ նշել է, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային և խորհրդային գործող իրավունքի շրջանակներում: Նա ավելացրել է, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը կոչված չէ լուծել հակամարտությունները, որոնց համար այլ ձևաչափեր կան: Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդումը կարող է նպաստել քաղաքական խնդիրների լուծմանը, իսկ դրա համար նախ և առաջ Ադրբեջանը պետք է դադարի ռազմատենչ հայտարարությունների և հայատյացության տարածումից:
Համաժողովի շրջանակներում Կ. Ղազինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵՀ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության երկկողմ օրակարգային հարցեր, տարածաշրջանային խնդիրներ:
No comments:
Post a Comment