Wednesday, March 3, 2010
ԱՄՆ կոնգրեսականները դրական են արձագանքել ԵՀՄՖ նամակին. Բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է
News.am. 3-3-2010- Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի նամակը` ուղղված ԱՄՆ-ի կոնգրեսականներին, ստացել է դրական արձագանք մի շարք սենատորների եւ կոնգրեսականների կողմից:
«Վերլուծելով ԵՀՄՖ-ի անունով արդեն ստացված պատասխանները, կարելի է գալ այն եզրակացության, որ մարտի 4-ի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումները տալու են դրական արդյունք, եւ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է Կոնգրեսի հիշյալ հանձնաժողովի կողմից:Ավելին, ամենայն հավանականությամբ թուրքական իշխանությունների կողմից կատարված հակաքայլերը ապարդյուն են անցնելու, եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատումը ունենալու է շարունակություն:
Այսպես, Հյուսիսային Կարոլինա նահանգի կողմից սենատոր տիկին Քեյ Ռ. Հագանը (Kay R. Hagan) ԵՀՄՖ-ի պատասխան նամակում նշում է. „…խոստանում եմ Ձեր հայտարարությունը ներկայացնել, երբ Ցեղասպանության բանաձեւը կքննարկվի ԱՄՆ մեծ Սենատում“: Իսկ սենատոր Բարբարա Բոքսերը (Barbara Boxer, Կալիֆորնիա նահանգ) գրում է. „Կոնգրեսում աշխատելու ողջ ընթացքում ես արել եմ ամեն ինչ 1915-1923թթ.-ին կատարվածը ցեղասպանություն կոչելու համար: Միշտ սատարել եմ 316 բանաձեւին, որը դիմում է ԱՄՆ նախագահին` հորդորելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ընդունելու Հայոց ցեղասպանությունը, որպես կատարված պատմական փաստ։ Ուզում եմ, որ Դուք վստահ լինեք, որ ես կաշխատեմ ու կանեմ ամեն ինչ այս կարեւոր բանաձեւի զարգացման շուրջ: Կրկին շնորհակալություն ինձ դիմելու համար: Խնդրում եմ գիտցեք, որ ես միշտ շարունակելու եմ Հայոց ցեղասպանության բանաձեւի պաշտոնական հաստատման սատարումը, այնքան ժամանակ, որքան կլինեմ ԱՄՆ-ի սենատոր“:
Համանման պատասխաններ մեր նամակին ստացել ենք նաեւ սենատոր Յոզեֆ Լիբերմանից (Joseph Leaberman, Կոնեկտիկուտ նահանգ), սենատոր Ալ Ֆրանկենից (Al Franken, Մինեսոտա նահանգ), սենատոր Ջոն Կորնինից (John Cornyn), սենատոր Լինդսեյ Գրահամից (Lindsey Graham) եւ այլոց կողմից:
ԵՀՄՖ-ի նախագահը պատրաստվում է ԵՀՄՖ-ի խորհրդի անցյալ տարվա նամակը, ստորագրված Եվրոպայի նշանավոր անհատների կողմից (այդ թվում Մարիոս Գարոյան, Շառլ Ազնավուր, Սերգեյ Խաչատրյան, Արթուր Աբրահամ եւ այլոք) եւս մեկ անգամ ուղղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` նրանից ակնկալելով Ցեղասպանության բանաձեւի հաստատումը», նշվում է ԵՀՄՖ տարածած հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment