Sunday, March 7, 2010

ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԴԵՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏԱԳԱ ԱՐԾԱՐԾՄԱՆԸ ԿՈՆԳՐԵՍՈւՄ

7Or.am 6-3-2010- ԱՄՆ-ի պետդեպարտամենտը փոխըմբռնում է գտել կոնգրեսականների մոտ՝ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ և հուսով է, որ կոնգրեսականների գործողություննեը չեն վնասի հայ-թուրքական հարաբերություններին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին։ «Մենք խոսել ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների հետ։ Իմ կարծիքով՝ նրանք հասկացան, թե մենք ինչպես ենք մեզ զգում՝ այդ որոշումից հետո։ Տեսնենք ինչպե՞ս կվարվի Կոնգրեսն այսօրվա հանդիպումներից հետո»,- ասել է Կրոուլին։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունումից հետո այն պետք է քննարկի Ներկայացուցիչների պալատը՝ ողջ կազմով։ Դրան փորձում է խոչընդոտել ԱՄՆ-ի վարչակազմը՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ հետ հարաբերությունները չփչացնելու մտավախությունից ելնելով։ Բանաձևի քննարկման օրը դեռ հայտնի չէ։ «Կարծում եմ, որ այս հարցի վերաբերյալ մենք փոխըմբռնում գտանք կոնգրեսականների մոտ, բայց պետք է խոստովանել, որ Կոնգրեսն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Մենք դեմ ենք այս հարցի հետագա ցանկացած արծարծմանը Կոնգրեսում։ Մեր կարծիքով՝ այս հարցի լավագույն լուծումը կարելի է գտնել միայն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո։ Այս տեսակետը մենք հայտնել ենք կոնգրեսականներին, և տեսնենք՝ հետագայում ինչ քայլեր կձեռնարկվեն կամ չեն ձեռնարկվի»,-նշել է պետքարտուղարի օգնականը հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։

No comments:

Post a Comment