Wednesday, March 3, 2010
Ահմեթ Դավութօլու. Թուրքիան երեք օրվա ընթացքում կարող է վավերացնել Արձանագրությունները, սակայն…
Tert.am. 3-3-2010- Միացյալ Նահանգներում ոմանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը փորձելու են Թուրքիայի դեմ օգտագործել որպես ճնշման լծակ: Այս մասին Եգիպտոս ուղևորվելիս ինքնաթիռում թուրքական Radikal օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Սակայն թուրք-ամերիկյան հարաբերությունների բնույթը չի կարող լիցքաթափել ստեղծված լարվածությունը»,- նշել է Դավութօղլուն:
Հարցազրույցում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրին:
«Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն: Իսկ եթե Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվի և ստիպված լինենք դարձյալ փակե՞լ սահմանադուռը…»,- ասել է Դավութօղլուն:
Radikal-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը քննադատում է իշխանություններին Արձանագրություններում «ղարաբաղյան հիմնախնդրի, Կարսի պայմանագրի, պատմաբանների համատեղ հանձնաժողովի մասին բացահայտ դրույթներ չներառելու համար», Ահմեթ Դավութօղլուն պատասխանել է. «Եթե ի սկզբանե խոսես նախապայմանների լեզվով, հնարավոր չի լինի հասնել առաջընթացի: Եթե մենք դա ասեինք, նրանք էլ ցեղասպանության մասին էին խոսելու»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, քննադատելով բոլոր այն տեսակետները, թե թուրքական իշխանությունների` «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը շուտով ձախողվելու է, նշել է, որ նման բան չի կարող լինել:
No comments:
Post a Comment