Tuesday, March 9, 2010

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հարցազրույցը armedia.am կայքին: -Պարոն Մայիլյան, մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: -Ընտրություններին մասնակցելն ինձ համար ինքնանպատակ չէր: 2007 թվականին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում մեր թիմը երկու հիմնական նպատակ է հետապնդել: Նախ` ԼՂՀ դրական միջազգային իմիջի պահպանում` այլընտրանքային ընտրությունների անցկացման միջոցով, եւ ապա` հաղթանակի դեպքում մեր երկրում իրական բարեփոխումների ծրագրի իրականացում: 2007-ին մենք մեր առաջին նպատակին հասանք, եղել են նաեւ այլ ձեռքբերումներ, որոնց մասին մենք հայտարարել ենք նույն թվականի հուլիսի 20-ին անցկացրած ամփոփիչ մամլո ասուլիսում: Քանի որ մեր երկիրը նախագահական հանրապետություն է, ապա միայն պետության ղեկավարը բավարար լիազորություններ ունի այս կամ այն քաղաքականության իրականացման համար: Այս առումով խորհրդարանի լիազորությունները սահմանափակ են, եւ ինչպես հետխորհրդային շատ երկրներում, խորհրդարանները, անհրաժեշտ օրենքներ ընդունելով, ընդամենը աջակցում են գործադիր իշխանության աշխատանքին: Բացի դրանից, գործադիր իշխանությունը զորեղ լծակներ ունի խորհրդարանի ձեւավորման գործում: Ուստի նույնիսկ խորհրդարանական մեծամասնության պարագայում բարեփոխումների մեր ծրագրի իրականացումը խնդրահարույց կլինի: Էլ ավելի դժվար է բարեփոխումներ իրականացնել` ունենալով խորհրդարանական փոքրամասնություն, հետո էլ` ես երբեւէ ընդդիմադիր չեմ եղել, ավելի ստույգ` ես եղել եմ բարեփոխումների ակտիվ կողմնակից: Համախոհների հետ ծանրութեթեւ անելով բոլոր 'կողմ' եւ 'դեմ' փաստարկները` մենք որոշեցինք չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց կարող ենք աջակցել երկրի համար օգտակար ծրագրերին, եթե, իհարկե, դրանց ետեւում կանգնած լինեն իրենց չվարկաբեկած քաղաքական գործիչներ կամ քաղաքական խմբեր: Բացի այդ, մենք մտադիր ենք նպաստել ազնիվ ընտրությունների անցկացմանը եւ դրանց անաչառ լուսաբանմանը լրատվամիջոցներում: -Չե՞ք կարծում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ձեր օգտին քվեարկած մարդկանց պետք է տեր կանգնել: -Ես խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր պաշտպանել են իմ ծրագիրը 2007-ին: Խոսքը հազարավոր համարձակ տղամարդկանց ու կանանց մասին է, ովքեր չենթարկվեցին ամենատարբեր ճնշումների եւ կարողացան հստակ արտահայտել Արցախի ապագայի իրենց տեսլականը: Հենց ղարաբաղցիների մարդկային այս տեսակի առաջատար դերի շնորհիվ ենք մենք հաջողությունների հասել ազգային-ազատագրական պայքարում, պետական շինարարության մեջ եւ հաղթել մեզ պարտադրված պատերազմում: Հենց նրանք են Արցախի իսկական տերերը, մարդիկ, ովքեր հովանավորության կարիք չունեն: Նրանց համախոհներ են պետք, իսկ մենք միշտ կլինենք նրանց կողքին: -Իսկ ի՞նչ եք ակնկալում այս ընտրություններից, ինչպե՞ս կանցկացվեն դրանք: -Եթե դրսից արտառոց ոչինչ չլինի, ապա այդ ընտրությունները կանցկացվեն կանխատեսված ձեւով, ինչպես անցել է քվեարկությունների մեծ մասը նախագահական վերջին ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում: Նոր խորհրդարանում, ինչպես եւ գործող խորհրդարանում, արտահայտված չի լինի ԼՂՀ քաղաքական ողջ 'ներկապնակի' դիրքորոշումը: Դրա փոխարեն մեր չմասնակցությամբ մենք բարդույթավորված չինովնիկներին եւ տարատեսակ գործիչներին հնարավորություն չենք տա զբաղվելու իշխանամետ թեկնածուների ու կուսակցությունների օգտին Ընտրական օրենսգրքի զանգվածային խախտումներով: Այդ գործիչներն այս անգամ պահանջված չեն լինի, եւ պետական գանձարանը ոչ քիչ միջոցներ կխնայի, ինչը օրախնդիր է համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եթե իշխանությունները իմաստնություն դրսեւորեն, ապա ստեղծված իրավիճակում կարելի է կազմակերպել օրինակելի քվեարկություն` լավագույնը հետխորհրդային տարածքում: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

No comments:

Post a Comment