Friday, March 12, 2010

Անկարայի ամենահզոր խաղաթուղթը հայ-թուրքական Արձանագրություններն են

Tert.am. 11-3-2010- Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունմանն ու այս տարի ապրիլին սպասվող զարգացումներն, գրում է, որ Թուրքիան հնարավոր բացասական զարգացումներից կարող է խուսափել` կարգավորելով հայ-թուրքական հարաբերությունները։ «Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերքեր են առաջանում, որոնք ապաքինելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Բնականաբար, արդյունքում մենք ենք տուժում: Իրականում, նախագահ Օբաման տեսնում էր, թե ինչքան վտանգավոր է այդ ընթացքը: Եվ հենց այդ պատճառով եկավ Անկարա ու պահանջեց Հայաստանի և Թուրքիայի միջև սկսել բանակցային գործընթաց: Օբամայի նպատակը բանակցային գործընթացի մեկնարկն էր և այդպիսով հայկական լոբբիի ճնշումներից ազատվելը»,– գրում է Մեհմեդ Ալի Բիրանդը` ընդգծելով, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Օբաման պարտավորություններ էր ստանձնել Ցեղասպանության հարցում։ Ըստ Բիրանդի՝ ստորագրված պատմական Արձանագրությունները հեշտացրեցին ոչ թե Երևանի, այլ Անկարայի կյանքը. «Դրա վառ օրինակը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունն էր: Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը մինչ օրս 7 անգամ քվեարկության է դրվել ԱՄՆ Կոնգրեսի տարբեր հանձնաժողովներում և ունեցել մեզ համար բացասական ելք: Սակայն այս վերջին քվեարկության ժամանակ տարբերությունն ահռելի էր. Թուրքիան առաջին անգամ ստացավ 22 կողմ ձայն: Թուրքիային աջակցող կոնգրեսականների մեծ մասը, հավատալով Ցեղասպանության փաստին, այնուամենայնիվ, հայտարարեցին, որ բանաձևի ընդունումը կարող է վնասել կողմերի միջև բանակցային գործընթացին։ Այսինքն, եթե Արձանագրություններն ստորագրված չլինեին, հանձնաժողովում քվեարկության ժամանակ հայերն ավելի շատ կողմ ձայներ էին հավաքելու»: Թուրք վերլուծաբանն անդրադառնում է նաև թուրքական ընդդիմության` Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու կոչերին և գրում, որ ընդդիմադիրների նման կեցվածքը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ «Այս ընթացքում ընդդիմությունը` ի դեմս Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների, կոչ է անում չեղյալ հայտարարել Արձանագրությունները: Սակայն այդ կոչի ետևում ընկած է ընտրությունների քաղաքականությունը: Նրանց նպատակը իշխող կուսակցությանն նեղ դրության մեջ դնելն է: Իսկ Թուրքիայի շահը պահանջում է կյանքի կոչել այդ Արձանագրությունները»,- գրում է Բիրանդը` ընդգծելով, որ եթե Օբամայի վարչակազմը չի ցանկանում, որ Արձանագրությունները ձախողվեն, ստիպված է դեմ հանդես գալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. «Հակառակ դեպքում` պետք է գիտակցեն, որ սպանելու են իրենց իսկ ստեղծած երեխային»: «Ամեն դեպքում, մոտ ապագայում հնարավոր է, որ արձանագրային գործընթացը վերակենդանանա, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ռելսերի վրա դրվի: Չպետք է մոռանալ` հայ-թուրքական լարվածության թուլացման և Ցեղասպանության ճնշումներից ազատվելու միակ ուղին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Այլընտրանք չկա»,- եզրափակում է Մեհմեդ Ալի Բիրանդը:

No comments:

Post a Comment