Monday, March 8, 2010

Թուրքիան ինքնակործանման ճանապարհին է. New York Times

Tert.am. 8-3-2010- «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության և Եվրամիության կողմից գործադրվող ճնշման պայմաններում Թուրքիայի քաղաքական կյանքի վրա բանակի ազդեցությունն աստիճանաբար թուլացել է: Եվրամիությունը պնդում է, որ այդ կառույցին Թուրքիայի անդամակցության շրջանակներում բանակն ավելի շատ պետք է հաշվետու լինի քաղաքացիական ղեկավարությանը: Այս մասին իր խմբագրականում գրում է ամերիկյան հեղինակավոր New York Times թերթն։ Թուրք բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալությունները Թուրքիայում քանիցս արդեն եղել են: Ձերբակալությունների վերջին ալիքը ծայր առավ այն բանից հետո, երբ անկախ համարվող թուրքական «Թարաֆ» թերթը հրապարակեց 2003թ. զինվորական մի հանդիպման մասին փաստաթղթեր` հանդիպումը որակելով որպես հեղաշրջման նախապատրաստություն: Զինվորականները խոստովանեցին, որ նման հանդիպում տեղի է ունեցել, սակայն պնդեցին, որ այն նպատակ էր հետապնդում երկիրը պաշտպանել ոչ թե ներքին, այլ արտաքին սպառնալիքից: Ձերբակալություններից առնչությամբ երկրի զինվորական ղեկավարությունը ողջունելի զսպվածություն է ցուցաբերել: Մարտի 4-ին ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում նոր սեպ խրվեց, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր քվեարկությամբ դատապարտեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի տարածքում հայերի զանգվածային կոտորածները` դրանք որակելով որպես Ցեղասպանություն: Ըստ պարբերականի` այդ բանաձևն ավելորդ էր, քանի որ Անկարայի կողմից այդ ողբերգությունը հերքելն ինքնին ինքնակործան դիրքորոշում է։ Վաշինգտոնի հասցեին այդ քվեարկության համար հակահարված տալու սպառնալիքներ տեղալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ Անկարան ուշադրությունը կենտրոնացներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործարքը ճիշտ ուղի վերադարձնելու վրա: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի լավ է՝ վերջ դնի իր անձնական ավտոկրատ նկրտումներին և շարունակական ջանքեր գործադրի ռազմական ճանապարհով պարտադրված Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը կապահովի քրդերի և այլ փոքրամասնությունների իրավունքները, կրոնի և մամուլի ազատությունը, ինչպես նաև աշխարհիկ կարգն ու օրենքի վրա հիմնված դատական համակարգը։

No comments:

Post a Comment