Wednesday, April 21, 2010

ՀՔԾ-ն օրակարգից չի հանել 24-ամյա Խալաֆյանի՝ ոստիկանների կողմից սպանված լինելու վարկածը

News.am. 21-4-2010- Հայաստանի ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քր. գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում: Հիշեցնենք, որ թեեւ այս դեպքի կապակցությամբ քր. գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց առաջ է քաշվել նաեւ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից, իքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել է օպերլիազորը: Նախաքննության շրջանակներում քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատահետքաբանական: Նախաքննական մարմինը փորձագետների առջեւ, ի թիվս այլ հարցերի, խնդիր է դրել պարզաբանել, թե մասնավորապես` - Ե՞րբ է վրա հասել Վ.Խալաֆյանի մահը եւ ի՞նչն է հանդիսացել մահվան պատճառը, - ինչպիսի՞ մարմնական վնասվածքներ կան Վ.Խալաֆյանի դիակի վրա, ինչպիսի՞ն է դրանց տեղակայումը, առաջացման մեխանիզմը, հաջորդականությունը, բնույթը եւ վաղեմությունը, - արդյո՞ք ներկայացված դանակով են պատճառվել վնասվածքները, թե ոչ : Եթե ոչ, ապա ինչպիսի՞ գործիքով են հասցվել, իսկ եթե այո, ապա արդյո՞ք Վ.Խալաֆյանը կարող էր տվյալ դանակով ինքն իրեն մարմնի տվյալ հատվածում մարմնական վնասվածք հասցնել, - վնասվածքները պատճառվել են կենդանությա՞ն օրոք, թե՞ հետմահու, - վնասվածքը ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է վրա հասել մահը, - վնասվածքները ստանալու պահին ինչպիսի՞ն է եղել տուժողի հնարավոր դիրքը, - կա՞ն արդյոք մատնահետքեր փորձաքննությանը ներկայացված դանակի վրա, թե ոչ: Եթե առկա են նույնացման համար պիտանի հետքեր, ապա ո՞ր ձեռքի ո՞ր մատներով են թողնված եւ ո՞ւմ են դրանք պատկանում, - տուժողի եղունգների կտրվածքների տակ կա՞ն արդյոք արնանման հեղուկի հետքեր կամ մազեր: Եթե այո, ապա պարզել դրանց խումբն ու պատկանելիությունը, - տուժող Վ.Խալաֆյանի հագուստների վրա կա՞ն վնասվածքներ, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ են դրանք տեղակայված, ինչ բնույթի են եւ ինչի հետեւանքով կարող էին առաջանալ, - դեպքի վայրում հայտնաբերված բամբակյա "տամպոնների ե վրա առկա հետքերը արյա՞ն հետքեր են, թե` ոչ: Եթե դրանք մարդու արյան հետքեր են, ապա արդյո՞ք դրանք պատկանում են Վ.Խալաֆյանին: Փորձաքննություններն անցկացնելու համար փորձագետներին են տրամադրվել ինչպես դեպքի վայրից առգրավված դանակը, բամբակյա «տամպոնները», Վ.Խալաֆյանի մատնահետքերը, շորերը, եղունգների կտրվածքներն ու մազերի նմուշները, այնպես էլ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների աշխատակիցների հագուստները: Նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Վ.Խալաֆյանի հետ միասին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները, ոստիկանության օպերլիազորները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ այլոք: Պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով 2010 թվականի ապրիլի 21-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ ըստ Խալաֆյանի հարազատների, նրա մարմնի վրա եղել են բռնության ու խոշտանգումների հետքեր: Իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կտրականապես հերքում է սպանության վարկածը եւ նշում է, որ չի խանգարելու փորձաքննությանը:

No comments:

Post a Comment