Thursday, April 15, 2010

ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹՅՈՒՆ

«Lրագիր» 14-4-2010- Հայաստանում առկա են խղճի ազատության ոտնահարման ու դավանանքի խտրականության դրսևորումներ․հասարակական կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված նման դեպքերի մասին ուսումնասիրություն է կատարել «Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» կենտրոնն և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայով հետազոտությունն այսօր ներկայացվեց հասարակական կազմակերպությունների, կրոնական տարբեր համայնքների ու լրատվամիջոցների ուշադրությանը։ Նշենք, որ բանավեճ կամ թեկուզ քննարկում այդպես էլ չկայացավ, քանի որ միջոցառմանը ներկա չէին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և ԱԺ պատգամավորներ։ Այդուհանդերձ հանդիպմանը ներկա բանախոսները փաստեցին հայաստանյան իրավիճակը կրոնական անհանդուրժողականության տեսակետից, վեր հանելով դրանք սնող մի շարք պատճառներ։ Կրոնական անհանդուրժողականությունն, ըստ հետազոտության համահեղինակ Ստեփան Դանիելյանի, ունի իր հիմքերը։ Դրանցից նա առանձնացրեց լրատվամիջոցների դերը, որը շատ հաճախ կրակի վրա յուղ լցնելու գործոն է դառնում կամ շատ կրոնական համայնքների նկատմամբ հակաքարոզչություն է իրականացնում։ Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ անհանդուրժողակություն սերմանելու գործում կարևոր դերակատարություն ունի իրավական դաշտը՝ անկատար օրենքներով։ Մասնավորապես, բանախոսները միաբերան առանձնացրեցին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որում կրոնական համայնքների գործունեությունը սահմանափակող դրույթներ կան։ Դրանց մասին նշված է նաև այսօր ներկայացված հետազոտության մեջ։ «Հայաստանում կան պատմական մշակութային արժեքներ, որոնք այսօր անուշադրության են մատնված Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Դրանք քաղկեդոնական շրջանի հոգևոր կառույցներ են։ Այսինքն՝ մենք անհանդուրժող ենք նաև մեր անցյալի նկատմամբ»,ընդգծեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։ Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի մեզանում ուսումնասիրված չէ պատմական փորձը, մեր կրոնական անցյալը. «Անգամ աղանդավորական տերմինով պիտակավորված Պավլիկյան շարժման մասին, որ դեռևս խորհրդային շրջանում էր շարադրվել դասագրքերում, այսօր ցանկանում են հանել։ Իսկ պատմական նման իրողությունները հանրությանը հնարավորություն են տալիս ինքնւրույն դատողություններ անելու սեփական անցյալի մասին»։ Ազգագրագետի կարծիքով, դպրոցներում ոչ թե կրոն, այլ կրոնագիտություն պիտի դասավանդվի։ Ըստ տիկին Խառատյանի, մեր հասարակությունը հետզհետե ավելի տոլեռանտ վերաբերմունք է ցուցաբերում այլ կրոնական համայնքների նկատմամբ․ ավելին՝ նրա խոսքով, կրոնական տարբեր համայնքների հետևորդ հարևանների հարաբերությունները շարունակում են մնալ մարդկայինի տիրույթում։ Այս մտքին հակադարձեց Բաց հասարակության ինստիտուտի տնօրեն Լարիսա Մինասյանը՝ ներկայացնելով իրենց կողմից կատարված հետազոտության մի ուշագրավ դրվագ․ «Այն կատարվել էր երիտասարդների շրջանում։ Եվ հարցին, թե կուզենայիք ձեր հարևանը լիներ կրոնական այլ համայնքի անդամ, թե գող, հարբեցող և այլն, նրանց 80 տոկոսը գերադասել էր երկրորդ ու երրորդ տարբերակն առաջինից»։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ Լոռու մարզում շատ են կրոնական անհանդուրժողականության մասին վկայող դեպքերը․ «Դպրոցի տնօրենը սպառնում է երեխաներին «զննության» ենթարկել, պարզելու, թե նրանք, որ կրոնական կազմակերպության հետևորդներ են, հետո էլ հայտարարում, թե լավ չի լինի նրանց համար, ովքեր Հայ առաքելական եկեղեցու անդամ չեն։ Եվ սա այն տնօրենն է, ով նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ քարոզում էր մեկ թեկնածուի օգտին»։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ծանոթանալով հետազոտությանը, մեկ ցցուն դրվագ առանձնացրեց կապված «Հայ ցեղապաշտների» կողմից ստորագրված ու քաղաքի տարբեր մասերում փակցված «Մահ աղանդներին ու աղանդավորներին» թռուցիկներին. «Խորհուրդ կտայի նման կազմակերպություններին իրենց անվանումների հետ հաշվի նստել։ Ցեղապաշտները, կարծում եմ, քրիստոնյաներ պիտի չլինեն։ Հետևաբար, ինչո՞ւ են քարոզում աղանդների դեմ։ Քարոզչությունը հզոր զենք է, դա է ծնում անհանդուրժողականություն, և առաջին «բոբոյի» դերում «Եհովայի վկաներ» են», նկատեց Իշխանյանը։

No comments:

Post a Comment