Thursday, April 15, 2010
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մեղադրել է ադրբեջանական իշխանություններին
Panorama.am. 14-4-2010- «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է ադրբեջանական դատական համակարգը` Էյնուլ Ֆաթուլաևին հետապնդելու համար, որի նպատակը վերջինիս ազատազրկման ժամկետի ավելացումն է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ութ տարվա ազատազրկման ենթարկված հայտնի լրագրողը կրկին կանգնելու է դատարանի առաջ, այս անգամ հերոյին պահելու մեղադրանքով: Դատական գործընթացի նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել ապրիլի 9-ին:
Իշխանությունները պնդում են, որ Ֆաթուլաևի բանտախցում կատարված զննման ընթացքում հերոյին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.1 հոդվածը խախտելու համար, ինչի արդյունքում նրա ազատազրկման ժամկետը կարող է 3 տարով երկարացվել: Ֆաթուլաևը հերքում է իր կողմից թմրանյութերի պահպանման և օգտագործման մեղադրանքը:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կարծում է, որ այս դատական գործը շինծու է և կատարվում է այն պատճառով, որպեսզի բացառվի Ֆաթուլաևի ազատ արձակման հնարավորությունը: Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրողին:
Նշենք, որ միջազգային հանրությունը Էյնուլ Ֆաթուլաևին համարում է քաղբանտարկյալ: Նրա գործը շուտով պետք է ուսումնասիրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Սպասվում է, որ նա ազատ է արձակվելու: Եվ դա է այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են նոր մեղադրանք առաջադրել լրագրողին, որպեսզի նրա ազատ արձակվելու հնարավորությունը հնարավորինս արգելակվի:
No comments:
Post a Comment