Thursday, April 22, 2010
Երեւանը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց Ղարաբաղի
News.am. 22-4-2010- Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնելու Թեհրանի առաջարկին Երեւանի արձագանքի բացակայությունը կապված է հայկական կողմի պնդման հետ՝ հնարավոր հանդիպմանը հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչին։ Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել վստահելի քաղաքական աղբյուրից։ Երեւում է, ներկայումս Թեհրանը սպասում է Երեւանի առաջարկությանը Բաքվի արձագանքին։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին վերջերս հանդես է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում եւ այդ նպատակով Արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրությամբ։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը արդեն տվել է իր համաձայնությունը։ «Մեր առաջարկությունը մենք փոխանցել ենք ադրբեջանական եւ հայկական կողմերին։ Բաքուն ընդունել է այն, իսկ Երեւանից դեռեւս պատասխան չկա»,- նշել է Մոթթաքին։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղայանին հայտարարել էր, որ Իրանը միակ երկիրն է, որն ընդհանուր սահման ունի Լեռնային Ղարաբաղի հետ՝ այդպիսով ընդունելով, որ ազատագրված տարածքները Ղարաբաղի մի մասն են։ Նշենք, որ ԼՂՀ-ի շուրջ գտնվող անվտանգության գոտին, Արցախի սահմանադրության համաձայն, հանդիսանում է ԼՂՀ բաղկացուցիչ մասը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է դեսպանը վերաբերվում նրան, որ ԼՂ խնդրի լուծման պարագայում հնարավոր է Իրանի սահմանակից տարածքներում տեղակայվեն խաղաղապահներ, որոնք կարող են լինել ե՛ւ ռուսներ, ե՛ւ ամերիկացիներ, դեսպանը նշել է. «Հաշվի առնելով այն, որ միակ երկիրը, որն ունի ընդհանուր սահման Լեռնային Ղարաբաղի հետ, Իրանն է, մենք ունենք հստակ դիրքորոշում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցում»։
No comments:
Post a Comment