Tuesday, April 20, 2010

Իսլանդական հրաբխի մոխիրները կհայտնվեն հայկական երկնքում

Tert.am. 20-4-2010- Իսլանդիայում վերջին օրերին ժայթքած հրաբուխը ժայթքել էր նաև 1821թ.: Այն ժամանակ ժայթքումը տևել էր 2 տարի: Իսլանդական հրաբխագետները դեռևս չեն կանխատեսել, թե այս հրաբխի ժայթքումը որքան կարող է շարունակվել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասացին երկրաբաններ Էդիկ Խարազյանը և Խաչատուր Մելիքսեթյանը` նշելով, որ Հայաստանի երկնքում կարող են հայտնվել միայն այդ հրաբխի մոխիրի մանրահատիկները, ինչը վտանգավոր չէ: Ըստ երկրաբանների` Իսլանդիայում միշտ էլ եղել են ուժգին հրաբուխներ. սա ամենուժեղներից չէ: Այս երկրում ավելի հզոր հրաբխային ժայթքումներ են տեղի ունեցել 19-րդ և 20-րդ դարերում: 1815թ. այս երկրում ժայթքած հրաբխի հետևանքով հրաբխային մոխիրը դարձյալ պատել էր երկինքը, և Եվրոպայում մի քանի տարի շարունակ շատ ցուրտ ձմեռ էր լինում: Ըստ մասնագետների, եթե այս հրաբխի ժայթքումն էլ մի քանի ամիս կամ տարիներ տևի, հնարավոր են կլիմայական փոփոխություններ: Ընդհանրապես Իսլանդիայում կա 130 հրաբխային օջախ, որից 18-ը համարվում է ակտիվ: Աշխարհում գրանցված ուժգին հրաբուխներից երկրաբաններն առանձնացրին 1883թ. Ինդոնեզիայում ժայթքած հրաբուխը, որը 36 հազ. մարդու կյանք էր խլել: «Հրաբուխի ժայթքման ընթացքում տեղի էր ունեցել պայթյուն, որի հզորությունը 200 անգամ ավելի ուժեղ էր Հերոսիմայի վրա գցված միջուկային զենքից»,- նշեց Մելիքսեթյանը: Անդրադառնալով Հայաստանի հրաբուխներին` երկրաբանները նշեցին, որ անհանգստանալու կարիք չկա, սակայն պետք է անընդհատ ուսումնասիրվեն հրաբխային օջախները: Վերջին 10 հազ. տարիներին, ըստ երկրաբանների, Հայաստանում մի քանի հրաբխային ժայթքումներ են եղել, որոնք փոքր են համարվել: Հայաստանում հրաբխի օջախներ կան Վայքում, Վարդենսիում և Սյունիքում:

No comments:

Post a Comment