Wednesday, April 21, 2010

Փորձագետ. Իրանական գազը մեզ համար ռազմավարական այլընտրանք է, ոչ թե տնտեսական

News.am. 21-4-2010- Իրան-Հայաստան գազատարի կառուցումից հետո մեր երկրների հարաբերությունները կարելի է լավ գնահատել: Այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, էներգետիկ ոլորտի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: «Գուցե հինգ տարի առաջ դրանք գնահատեի բավարար, սակայն, երկկողմ համագործակցությունը թեւակոխել է որիշ մակարդակ, եւ տնտեսական գործոնն ավելի կարեւոր դեր է խաղում», — նշել է նա: Ս. Սարուխանյանը համոզմունք է հայտնել, թե շատ կարեւոր է, որ առաջիկա տարիներին մենք իրագործենք տնտեսական եւ էներգետիկ նախագծեր, մասնավորապես՝ Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների աճ եւ Արաքս գետի վրա նոր՝ 400 մեգավատանոց ՀԷԿ-ի կառուցումը: «Հայկական եւ իրանական կողմը շահագրգռված են էներգետիկ համագործակցության խորացմամբ, շահագրգռված են նաեւ „Հայաստանի բարձրավոլտ ցանցերը“ եւ Հայաստանի հիմնական էներգետիկ ընկերությունը՝ „Հայռուսգազարդը“: Կարծում եմ, որ էներգետիկ համագործակցությունը լավ հեռանկարներ ունի, իսկ այդ համագործակցության միջոցով կարելի է զարգացնել նաեւ համագործակցության մնացած բոլոր ճյուղերը», — ասել է Սարուխանյանը: Նրա խոսքով, Հայաստանում կա մի հատված, որը կենսական նշանակություն ունի հանրապետության զարգացման համար, դա՝ էներգետիկ հատվածն է, եւ այդ հատվածում Իրանի դերը բավականին կարեւոր է: Հարցին, թե ինչու՞ Հայաստանը ռուսական գազի փոխարեն եւ իբրեւ այլընտրանք՝ վառելիք չի գնում Իրանից, Սարուխանյանը պատասխանել է. «Վրաստանն Ադրբեջանից գազը գնում է 261 դոլարով՝ 1000 խ.մ. դիմաց, Թուրքիան Ադրբեջանից գնում է 300 դոլարով: Մենք գնում ենք ռուսական գազը 180 դոլարով, որի մեջ է ներառված նաեւ տրանզիտի գինը եւ այդ արժեքը մեզ համար, իրականում, շատ ավելի ցածր է: Այդ տեսակետից, համեմատություն կատարենք Իրանից գնվող գազի հետ. 1 խ.մ. գազի համար Իրանին պետք է տանք 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի շուկայական գինը Հայաստանում 12 ցենտ է, այսինքն մենք 36 ցենտ ենք տալիս Իրանին 1 խ.մ. գազի համար: 1000 խ.մ-ը կազմում է 360 դոլար եւ ուրեմն մենք գազը մոտավորապես երկու անգամ էժան ենք գնում Ռուսաստանից: Բացի այդ, մեզ վաճառվող գազի գինը սուբսիդավորվում է Ռուսաստանի կողմից, քանի որ 180 դոլարը շատ ցածր գին է, եւ էներգետիկ համակարգ մտնող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը կառուցում է „Հայռուսգազարդը“, մեզ հնարավորություն է տալիս ավելի քիչ գազ օգտագործել էլեկտրաէներգիա արտադրելու համար, քան օգտագործում ենք այսօր, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի գները պահել ցածր մակարդակի վրա: Իրանի կտրվածքով, մենք այդ խնդիրը չունենք, նման էժան գին իրանական կողմից մենք չենք ստանա: Իրանական գազը մեզ համար ռազմավարական այլընտրանք է, սակայն ոչ տնտեսական»:

No comments:

Post a Comment