Wednesday, April 21, 2010

Իրանի դեմ պատժամիջոցները չե՞ն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա

Tert.am. 21-4-2010- Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները չեն կարող ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։ Ըստ նրա՝ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ, հետևաբար միջազգային հանրության ճնշումներն Իրանի վրա չեն կարող անդրադառնալ հայ-իրանական էներգետիկ համագործակցության վրա։ Հայ-իրանական ներկա հարաբերությունները իրանագետը գնահատեց «լավ»։ Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է կողմերի նախատեսած նախագծերի իրականացումը։ Իսկ հայ-իրանական նախագծերը, ինչպես հայտնի է, վերաբերում են Հայաստանում նոր միջուկային ռեակտորի կառուցմանն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկմանը։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ իրանագետը կանխատեսեց, որ առաջիկայում որևէ լուրջ առաջընթաց չի լինի ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացում, իսկ հայ-թուրքական կարգավորման գործընթացն էլ որոշակիորեն կսառեցվի։

No comments:

Post a Comment