Wednesday, April 21, 2010

«ԱՅՍ ՎԻՇՏԸ ՄԵՐ ՎԻՇՏՆ Է, ԱՅՍ ՍՈՒԳԸՙ ԲՈԼՈՐԻՍ»

«ԱԶԳ», 21-04-2010- Ապրիլի 19-ին այս վերնագրով մի խումբ թուրք մտավորականներ, որոնց թվում հայտնի լրագրողներ, ճանաչված գիտնականներ, հանրաճանաչ արվեստագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, հաղորդագրություն են տարածել: Կ. Պոլսո «Հայթերթ» կայէջում հրապարակված հաղորդագրությամբ նրանք կոչ են անում ապրիլի 24-ին, ժամը 19.00-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հավաքվել եւ հարգանքի տուրք մատուցել 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հաղորդագրության մեջ ասված է. «1915-ին, երբ մեր երկրի բնակչությունը 13 միլիոն էր, այս երկրում 1,5-2 մլն հայեր էին բնակվում, ընդ որումՙ Թրակիայում, Էգեյան ծովի առափնյա շրջաններում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում... Սամաթիայում, Շիշլիում, Իշխանաց կղզիներում, Գալաթայում... Նրանք մեր փողոցի նպարավաճառն էին, դերձակը, ոսկերիչը, ատաղձագործը, կոշկակարը, գյուղումՙ հողագործը, ջրաղացպանը, դասընկերը, ուսուցիչը, սպան եւ համհարզը, պատգամավորը, պատմաբանը, երգահանը... Բոլորն էլ մեր ընկերներն էին: Դրկից հարեւանը եւ վշտակիցը մեր Թրակիայում, Էգեյանում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում... (Ստամբուլի թաղամասերից)ՙ Սամաթիայում, Շիշլիում, Իշխանաց կղզիներում, Գալաթայում... 24 ապրիլի 1915-ին սկսեցին «ղրկել», եւ մենք կորցրեցինք նրանց: Այլեւս գոյություն չունեն: Գերակշռող մասը մեզ հետ չէ: Նույնիսկ գերեզման չունեն: Իսկ Մեծ եղեռնի պատճառած խղճահարության «Մեծ վիշտը» պահպանվում է իր ողջ ծանրությամբ, 95 տարի շարունակ եւ անընդհատ մեծանում: 1915-ի զոհերի հիշատակի առջեւ հարգանքով խոնարհվելու կոչ ենք անում այս վիշտը սրտի խորքում զգացող բոլոր թուրքիացիներին: Սեւեր հագած եւ անշշուկ: Նրանց հոգիների համար նախատեսված մոմերով, ծաղիկներով... որովհետեւ այս վիշտը մեր վիշտն է, այս սուգըՙ բոլորիս: 24 ապրիլի, 2010, 19.00, «Թաքսիմ» հրապարակ Կոչ անողներՙ Ահմեդ Ինսել, Ալի Բայրամօղլու, Ավի Հալիգուա, Բասքըն Օրան, Ջենգիզ Աքթար, Դենիզ Զարաքոլու, Ֆերհադ Քենթել, Ֆեթհիյե Չեթին, Հալիլ Բերքթայ, Լալե Մանսուր, Օսման Քյոքեր, Ուֆուք Ուրաս, Վիվեթ Քանետտի, Հայկո Բաղդադ, Կարո Փայլան, Յասեմին Չոնգար, Զեյնեփ Գամբետտի եւ այլք... (Հաղորդագրությունը ստորագրել է 67 թուրք մտավորական)»:

No comments:

Post a Comment