Wednesday, April 21, 2010

Հոլանդացի պատգամավորները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

News.am. 21-4-2010- Հաագայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների խորհրդարանի առջեւի Het Plain հրապարակում ապրիլի 20-ին Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության Ապրիլ 24 կոմիտեն եւ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախումբը, «Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ» անվան տակ, կազմակերպեցին հանրահավաք, որին ներկա էին հինգ հարյուրից ավել ցուցարարներ: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում եմ, որ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամներ Քեյս վան դեր Ստայը, Հարրի վան Բոմմելը, Յոել Վորդեվինդը: Նրանց ելույթի ընթացքում խորհրդարանի շենքից դուրս եկան եւ, հանրահավաքին միանալով, ելույթներ ունեցան պատգամավորներ Կատլեն Ֆերյերը եւ Հան Տեն Բրուկը: Ելույթներ ունեցան նաեւ Հաագայում Իսրայելի տեղեկատվության եւ վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բոլոր ելույթներում Թուրքիային կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը: Պատգամավորներից Յոել Վորդեվինդը, վան դեր Ստայը եւ Հան Տեն Բրուկը նշեցին նաեւ, որ իրենք աջակցում են Հաագայում Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման հոլանդահայ համայնքների մտադրությանը: Նիդեռլանդների հրեական կառույցների անունից այդ գաղափարին իր աջակցությունը հայտնեց Ռոնի Նաթանիելը: Ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչների պատվիրակությունը մտավ խորհրդարանի շենք եւ խնդրագիր հանձնեց Երկրորդ Պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին եւ անդամներին: Հանրահավաքն ավարտվեց դեպի Թուրքիայի դեսպանություն կատարված երթով: Հանրահավաքը նկարահանվում էր հոլանդական մի շարք եւ Թուրքիայից ժամանած երկու հեռուստաընկերությունների կողմից: Վերջիններս ներկա էին եւ նկարահանեցին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանրահավաքի անունից խնդրագրի հանձնումը: Նույն օրը, ավելի ուշ, նշված հրապարակում ցույց էին կազմակերպել ադրբեջանական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները, որին մասնակցեցին առավելագույնը 40 հոգի:

No comments:

Post a Comment