Thursday, April 22, 2010

ՆՈՐ ԳԻՐՔ ՔԵՄԱԼԻԶՄԻ, ՄԵՐՕՐՅԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ԱԶԳ» , 22-04-2010 - Բեռլինից Ռ. Գալուստանյանը խմբագրության ուշադրությանն է հանձնել «Բեռլիներ-ցայթունգ» թերթում գրախոսված Պերրի Անդերսոնի «Թուրքերը, նրանց պետությունը եւ Եվրոպան Աթաթուրքից հետո» հատորից մի հատված, որտեղ, իր իսկ խոսքերով, «բրիտանացի մարքսիստը բացահայտում է թուրք գերազգայնամոլության առեղծվածը»: «Ի՞նչ է քեմալիզմը Անդերսոնի համար» հարցին այդ հատվածից վերցրած տողերով պատասխանում է. «Դա մի մշակութային հեղափոխություն է առանց սոցիալական, ուրեմն եւ առանց ուղղաձիգ (հիերարխիական) հենքի: Բայց մանավանդ նաեւ խորապես անազնիվ մի կառույց: Թուրքական աշխարհիկությունը նույնիսկ իր ամենավառ դրսեւորումների ժամանակ երբեք ամբողջապես աշխարհիկ չի եղել: Պետությունը վերահսկում է դպրոցներն ու մզկիթները: Կրոնը դարձել է պետական գործոն, հակառակ սահմանադրական ճնշումների: Ներկայի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը քեմալիզմի ժառանգորդն է եւ ոչՙ նրա հակառակորդը: Դա հետքեմալիստական կուսակցություն է եւ ոչ թե հակաքեմալիստական: Թուրքական իսլամիզմն էլ նման չէ արաբական իսլամիզմին: Քեմալիստներն ու իսլամիստներն, այնուամենայնիվ, երկուսն էլ ազգայնամոլ կառույցներ են: Երկրի ոչ մահմեդական փոքրամասնությունները պատմության ընթացքում քանիցս զգացել են իրենց մաշկի վրա թուրքական, իսլամական գերազգայնամոլությունը: Ոչ միայն հայերըՙ Առաջին աշխարհամարտի ժամանակ, այլեւ Ստամբուլի հույներըՙ 1955-ին»: Այնուհետեւ Գալուստանյանը ավելացնում է, որ Ցեղասպանության հարցը հատկապես կարեւոր է Անդերսոնի համարՙ առավել ճիշտ հասկանալու քեմալիստական գաղափարախոսությունը: Նրա համար կասկած չկա, որ զանգվածային սպանությունները եղել են պետության ծրագրած բնաջնջում: Նա շատ նմանություններ է տեսնում Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության միջեւ եւ զարմացած է, որ ոմանք հակված են «եզակի» համարելու հրեական ողջակիզումը: Վերջում նա ավելացնում է, որ Պերրի Անդերսոնն այժմ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի պատմության եւ սոցիոլոգիայի դասախոս է: Նրա գիրքը վերջերս է թարգմանվել գերմաներենի, եւ «Բեռլիներ ցայթունգի» գրախոսականը այդ առթիվ է գրվել:

No comments:

Post a Comment