Thursday, April 15, 2010
Ադրբեջանցիները ստելուց զատ ոչինչ չգիտե՞ն
Aysor.am. 14.04.2010- Այն, որ ադրբեջանական քարոզչությունը հիմնված է առավելապես ստի, կեղծիքի ու վիրավորանքների վրա, նորություն չէ: Իսկ նման գործելաոճ որդեգրում են նրանք, ով մի կողմից իրենց ձեռնտու, իրենց ասելիքը հիմնավորող որևէ փաստ չունեն, և մյուս կողմից`գտնվում են այսպես կոչված «մանթրաժի» մեջ: Սա ադրբեջանական քարոզչամեքենայի, ինչու չէ` նաև պաշտոնական Բաքվի ամենօրյա գործելաոճն է: Թվում է` մեր չարաբաստիկ այս հարևանների կեղծարարություններից այլևս զարմանալ պետք չէ, բայց արի ու տես, որ այդպես չէ. նրանք օրավուր ավելի ու ավելի են զարգացնում ու կատարելագործում բացահայտ կեղծիքներ հնարելու իրենց բացառիկ ունակությունները: Մի քիչ գովեցինք փաստորեն, բայց ոչինչ. եթե մարդիկ մի բան կարողանում են անել, ինչու չասել: Դե, նրանք էլ հիասքանչ ստում են: Ընդ որում, կազմակերպված, համակարգված կերպով:
Ստերի հերթական ալիքը ադրբեջանցիները ստիպված էին մոգոնել վերջին երկու օրերին` Վաշինգտոնում կայացած հանդիպումների ֆոնին: Այն, որ իրենք սարսափելի լարված էին և ըստ էության չէին վստահում Թուրքիայի իշխանություններին և նրանց «եղբայրական» խոստումներին, Բաքվում առանձնապես չէին էլ թաքցնում, առավել ևս Էրդողանի կողմից Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի միջոցով Բաքվին երեք հիմնական պահանջների առաջադրման ֆոնին, որոնցից երկուսը Իլհամ Ալիևը հաստատ ի վիճակի չէ կատարել: Խոսքը մասնավորաբար Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու և վիզային ռեժիմը վերացնելու մասին է: Ադրբեջանցիների հիստերիան գագաթնակետին հասավ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը հստակ վերահաստատեց մեր երկրի դիրքորոշումը, այն է. «Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»:
Ավելին, շատ օպերատիվ կերպով թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրեց, թե երկկողմ հանդիպման ժամանակ «Հայաստանի նախագահը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան զերծ մնա կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապող հայտարարություններ հնչեցնելուց: Էրդողանն էլ իր հերթին ընդգծելով, որ նման կապ չի ստեղծվել, հղել է հետևյալ ուղերձը. «Մեր նպատակը տարածաշրջանի կայունությունն է: Արձանագրությունները նույնիսկ դեռ առանց վավերացվելու արդեն ցույց են տվել իրենց ազդեցությունը» :
Այստեղ արդեն ադրբեջանցիների նյարդերը չդիմացան, առավել ևս, որ այդ երկրի ԱԳՆ մամլո խոսնալ Պոլուխովը արդեն հայտարարել էր, թե իրենք ողջունում են Անկարայի պահվածքը Վաշինգտոնում: Ստացվում էր, որ Բաքվում ողջունում են, որ Էրդողանը որևէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջև: Մնում էր մի բան մտածել, ու մտածեցին: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե «Սաբահը» ոչ մի նման բառ անգամ չի գրել: Ստացվում է, որ Բաքվում թուրքերեն էլ լավ չեն հասկանում, կամ կարդալ չգիտեն: Ուշադիր կարդացեք, պարոնայք, սևով սպիտակի վրա գրված է, ընդ որում, գրված է ոչ թե հայկական լրատվամիջոցներում, այլ թուրքական:
Սրան հետևեց «Հյուրիեթի» հետ կապված աղմուկը, երբ արդեն կազմակերպված ձևով վերջինս հետին ամսաթվով ուղղում կատարեց իր հրապարակումներից մեկի մեջ` հավելելով բաներ, որ ընդհանրապես չեն եղել, ինչից կասկածելի օպերատիվությամբ օգտվեցին ադրբեջանական որոշ կայքեր (մանրամասն տես այստեղ):
Բայց սա դեռ ամենը չէր: Հանկարծ հայտնվում է մի հարցազրույց, որն իբր թե տվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն: Այդ հարցազրույցում արտահայտած մտքերը միայն տարակուսանք էին առաջացնում. դժվար էր հավատալ, որ ցանկացած դիվանագետ կարող է նման արտահայտություններ իրեն թույլ տա, ով էլ նա լինի: Այնքան տարօրինակ էր, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը այսպես արձագանքեց. «Չէինք ցանկանա, որ Թուրքիայի արտգործնախարարը այդքան անհեռատես ու ոչ պրոֆեսիոնալ գտնվի, որ նմանատիպ արտահայտություններ անի»: Բայց սուտը ջրի երես դուրս եկավ ընդամենը մի քանի ժամ անց: Այս գիշեր Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ: Թուրքիայի արտգործնախարարի մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է, թե Դավութօղլուն «ԱՊԱ»-ին նման հարցազրույց չի տվել: Թուրք խոսնակը նաև հավելել է, որ «ԱՊԱ»-ում հրապարակված տեղեկությունը, որը վերագրվում է Թուրքիայի արտգործնախարարին, նրա կողմից չի արվել: Դե, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Այստեղ արդեն եզրակացություններ պիտի անի թուրքական կողմը և առաջին հերթին հենց պարոն Դավութօղլուն, ում անունից նստել ու մտքեր են հորինել:
Հիվանդ երևակայության արգասիք, երբ երազանքներն արդեն սկսում են մատուցել որպես իրականություն: Բայց այդ երևակայության արգասիքները, ստերն ու կեղծիքները, հասկանում ենք, ներքին սպառման համար են, որպեսզի ադրբեջանցի հասարակ ժողովուրդը, որի գերակշիռ մասն, ի տարբերություն երկրի գլխին փորձանք դարձած իշխանավորների, հաստատ պատերազմ ու թշնամանք չի ուզում, դեռ մի քիչ էլ հավատա ալիևշչինային:
No comments:
Post a Comment