Tuesday, May 11, 2010

ԳԵՐՈՒԹՅՈՒՆ-2, ԿԱՄ ՃԻՇՏԸ ՍՊԱՌՈՂՆ Է

Պարզվում է, որ “միայն թուրքով չէ”, որ կա տեղական արտադրությանը “փրկություն”: Ոչ միայն թուրք բիզնեսմենի միջոցով են հայ հասարակությանը “բացատրում”, որ տեղական արտադրանք չգնելը պատմական թշնամուն լավություն անել է, այլ նաեւ չինացի բիզնեսմենի: Միգուցե շատ շուտով հայկական հեռուստաեթերը կլցվի տարբեր ազգերի ներկայացուցիչ բիզնեսմեններով, երեւի թե ռուսներից բացի: Դե ռուսները նախ մեր “մեծ եղբայրներն” ու “ազատարարներն” են, բացի դրանից էլ նեղ օրին մեզ պարտք են տալիս, եւ դրանից էլ բացի` Հայաստանի էներգետիկայի գրեթե 100 տոկոսը նրանց վերահսկողության տակ է, եւ կարող են զայրանալ ու անջատել գազն ու հոսանքը, ու այդ դեպքում էլ ինչ տեղական արտադրանք, ինչ բան: Այնպես որ, թերեւս ռուսներից բացի, շուտով մնացյալ բոլոր ազգերի ներկայացուցիչ գործարարները հայ սպառողին, գովազդային հեռուստատեսային հոլովակի միջոցով կփորձեն շնորհակալություն հայտնելով բացատրել, թե ինչքան լավություն ենք անում իրենց երկրներին, գնելով իրենց ապրանքը: Այդ իրողությունը կարծես թե բացահայտում է երեւույթի մի նոր շերտ, ի ցույց դնելով, որ ամեն ինչ չի պայմանավորվում եւ ավարտվում միայն “թուրքատյացությամբ”: Բայց էլի, խնդիրը անշուշտ հայկական մտածողությունն ու դրա սահմաններն են: Դժվար է օրինակ պատկերացնել, որ զարգացած արդյունաբերությամբ որեւէ երկրում տեղական արտադրանքը խթանել են օտարներին լավություն չանելու տրամաբանության ներշնչմամբ: Բանն այն է, որ դա մեծ հաշվով տնտեսական, եւ գուցե ոչ միայն տնտեսական աբսուրդ է: Հատկապես, եթե խոսքը վերաբերում է երեք միլիոն բնակչություն ունեցող մի փոքր երկրի, որը զգալի չափով զուրկ է նաեւ բնական հումքային պաշարներից: Այդ երկիրը ստիպված է, օբյեկտիվորեն ստիպված է շատ ու շատ ապրանքատեսակներ ներկրել Հայաստան, քանի որ տեղում թե տեխնոլոգիական, թե նաեւ շահավետության առումով գրեթե անհնար է կազմակերպել այդօրինակ ապրանքների արտադրություն: Տեղական արտադրության համար Հայաստանը ստիպված է նաեւ զգալի չափով հումք ներկրել արտերկրից: Դա ցանկացած երկրի տնտեսության համար, հատկապես գլոբալացվող աշխարհում, միանգամայն բնական երեւույթ է: Հայաստանի այդ նույն տեղական արտադրողը ձգտում է, օբյեկտիվորեն, քանի որ Հայաստանի շուկան շատ փոքր է, ձգտում է իր ապրանքները արտահանել արտերկիր: Հիմա պատկերացնենք, որ Չինաստանում էլ մի հայի կերպար են դնում հեռուստաէկրանին, ու նա շնորհակալություն է հայտնում չինացիներին, որ գնելով հայկական ապրանք, նրանք նպաստում են Հայաստանում աշխատատեղերի բացմանը եւ այլն: Թեեւ, չինացիներն օրինակ իրենց տնտեսությունը զարգացրել են երեւի թե այն պատճառով, որ սպառողի զգացումների եւ զգացմունքների վրա խաղալու փոխարեն փորձել են եւ փորձում են բավարարել նրա պահանջը` խաղալով գին եւ որակ հարաբերակցության տիրույթում: Տնտեսություններն այժմ այնքան են փոխկապակցված, որ չեն կարող առանց մեկը մյուսի, եւ եթե ասենք մեծ հաշվով միայն տուրիստական էֆեկտի վրա ապրող Հունաստանում ցնցում է լինում, այն ազդում է գրեթե ամբողջ աշխարհի տնտեսական ցուցանիշների վրա: Իհարկե, ցանկացած տնտեսության համար թիվ մեկ խնդիրը ներմուծման ծավալները հնարավորինս նվազեցնելն ու տեղական արտադրանքը խթանելն է, ինչի համար էլ նախ եւ առաջ կարեւոր է, որ սպառողը նախընտրի տեղական արտադրանք: Բայց դրա համար պետք է ոչ թե սպառողի մոտ “օտարատյացության” սինդրոմներ առաջացնել, այլ պետք է նրան բացատրել, որ գնելով տեղական արտադրանք, նա նպաստում է Հայաստանի տնտեսության ամրացմանը, ինչը նշանակում է շատ աշխատատեղեր, նշանակում է պետության սոցիալական ծրագրերին հատկացվող շատ փողեր, նշանակում է տնտեսական կայունություն: Բայց դրա համար էլ իհարկե պետք է սպառողին ներկայացնել որակյալ արտադրանք, որը նաեւ գնային առումով մրցունակ կլինի ներմուծված արտադրանքի հետ: Եթե էժան եւ որակյալ տեղական արտադրության համար պայմանները նպաստավոր չեն, ապա դրա համար պետք է ռեսուրսները վատնել ոչ թե սպառողին համոզելու համար, որ նա թուրքերին կամ չինացիներին կամ էսկիմոսներին լավություն չանի, այլ այդ ռեսուրսներն ուղղել կառավարության հետ աշխատելուն, որպեսզի կառավարությունը ձեռնարկի տեղական արտադրության համար նպաստավոր միջավայր ձեւավորելու համար անհրաժեշտ քայլեր: Սպառողը տգետ չէ եւ գիտե հաշվել սեփական գրպանի պարունակությունը: Եթե տեղական արտադրանքն իր որակի եւ գնի հարաբերակցությամբ մրցունակ լինի ներկրվածի հետ, ապա ամենեւին կարիք չի լինի նրան լրացուցիչ բացատրություններով ներշնչել, որ պետք չէ օգնել օտարներին: Սպառողը, մեծ հաշվով, չի առաջնորդվում օտարին կամ յուրայինին օգնելու մղումներով, այլ մտածում է ինքզինքը “օգնած” լինելու եւ հնարավորինս մատչելի եւ որակյալ ապրանք ձեռք բերելու մասին: Հետեւաբար, ապրանք արտադրողներն էլ թերեւս պետք է մտածեն ոչ թե սպառողի ինչ-ինչ զգացումները կամ զգացմունքները շահարկելու, այլ սպառողի պահանջները բավարարելու մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment