Wednesday, May 12, 2010

ՀԱՏՈՒԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Լրագիր» 12-5-2010- Հայաստանի Հանրապետություն կատարված դրամական փոխանցումների` ՀՆԱ հետ հարաբերակցությունը 2003 թվականին կազմել է 24 տոկոս` 2008-ի 13 տոկոսի դիմաց, նշված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Մարդկային զարգացման ազգային զեկույցում: Զեկույցում մասնավորապես նշված է, որ առկա են միգրանտների և նրանց ընտանիքների կողմից ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում պահվող մեծածավալ խնայողություններ, որոնք Հայաստանում չեն վերածվում ներդրումային ծրագրերի, չկան այդ “բարձի տակ” պահվող խնայողությունները ֆինանսական համակարգ կամ ներդրումային դաշտ ներգրավելու արդյունավետ մեխանիզմներ, հայ միգրանտների խնայողությունների մեծ ծավալներ պահվում են արտերկրում կամ էլ ներդրվում են ոչ արտադրական ակտիվներում, ինչպիսին է, օրինակ, անշարժ գույքը: Դրամական փոխանցումները 2.5 անգամ գերազանցում են ներդրումների ծավալները, որը զարգացման կայունության համար լուրջ խնդիր է, դրամական փոխանցումները կանխատեսելի և վերահսկելի չեն, որի արդյունքում չօգտագործված ներուժ է առաջանում: 2007 թվականին ՀՆԱ-ի մեջ դրամական տրանսֆերտների մասնաբաժնով Հայաստանը հայտնվել է աշխարհի առաջին 20 երկրների ցուցակում: 2008 թվականի վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում դրամական փոխանցումների 20 տոկոս անկում է գրանցվել: 2008 թվականին անվանական դրամական փոխանցումները կազմել են 1.572.529.769 ԱՄՆ դոլար: 2007 թվականի տվյալներով, ՀՀ բոլոր տնային տնտեսությունների մոտ 36 տոկոսը պարբերաբար արտերկրից դրամական փոխանցումներ է ստանում: 2007 թվականին միգրանտների 40 տոկոսը երկարաժամկետ միգրանտներ են եղել: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, 2007 թվականի դրությամբ 800 հազարից 1 միլիոն միգրանտ կա Հայաստանից դուրս, որոնց 73 տոկոսը Ռուսաստանում: Միգրանտներն իրենց խնայողությունների 1 տոկոսն են Հայաստանում պահում, մնացած մասը` արտերկրում: Դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների 73 տոկոսը չի պլանավորում ներդրումներ կատարել: 2007-ի տվյալներով, փոխանցումներ ստացողներն իրենց խնայողությունների 28 տոկոսը հատկացնում են ուսման վարձի համար, 39 տոկոսը` սև օրվա համար, իսկ ուսման վարձի համար` գումարի 24 տոկոսը: Հարցման տվյալներով, միգրանտների 34 տոկոսը երբեք չի վերադառնա Հայաստան, 13 տոկոսը կվերադառնա, 33 տոկոսը` կախված պայմաններից, իսկ 20 տոկոսը կողմնորոշված չէ: Աշխատանքի համար մեկնածների ընտանիքների 67 տոկոսը չի պլանավորում միանալ դրսում գտնվող իրենց միգրանտներին:

No comments:

Post a Comment