Thursday, May 6, 2010

ՃԱՆԱՉՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ ԼԾԱԿ Է

«Լրագիր» 6-5.2010- ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, Ստեփանակերտում լույս տեսնող Անալիտիկոն ամսագրին մեկնաբանելով ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի ուղերձը սփյուռքի կազմակերպություններին, ասել է. - Հայ ավանդական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի ուղերձի գաղափարը ծագել է ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների շուրջ հայ եւ արտասահմանցի զանազան քաղաքական գործիչների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում: Սույն թեման ավելի հրատապ է դարձել հայ-թուրքական երկխոսության շուրջ ծավալված վերջին իրադարձություններից եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի անվտանգ ապագային սպառնացող, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հրապարակումից հետո: Բացի այդ, վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո ստեղծվել են նախկին «մետրոպոլիաների» կամքին հակառակ նոր պետությունների ճանաչման նախադեպեր: Ըստ էության, ԱՄՆ-ն, Եվրամիության երկրների մեծամասնությունը, Ռուսաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ պետություններ, ունենալով տարբեր դրդապատճառներ, այդուամենայնիվ, նախընտրել են չճանաչված պետությունների ճանաչման ուղին: Նշյալ երկրները եկել են այն եզրահանգման, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման եւ կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում: Խորհրդի անդամների եւ փորձագետների կարծիքով՝ առկա միջազգային նոր պայմաններում ԼՂՀ միջազգային ճանաչմանը նպատակամիտված սփյուռքահայ կազմակերպությունների եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի պաշտոնական կառույցների ներդաշնակ գործունեությունը հաջողությամբ կպսակվի: Արտերկրի մեր հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում: Եկել է ժամանակն այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար:

No comments:

Post a Comment