Saturday, May 1, 2010

Կարապետ Ռուբինյան. Հայաստանը ճանաչել է հայ-թուրքական՝ գոյություն ունեցող սահմանը

News.am. 1-5-2010- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը ճանաչեց հայ-թուրքական՝ գոյություն ունեցող սահմանը եւ համաձայնեց թուրքերի հետ քննարկել Ցեղասպանության հարցը։ Այսօր՝ մայիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը։ Նա ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Երեւանն իր համար ամենակարեւոր հարցերում զիջումների գնալու պատրաստակամություն հայտնեց։ Այդ գործընթացում Ռուբինյանը Հայաստանի համար միայն մեկ դրական միտում տեսավ. «Մենք, որպես պետություն, գնալով Թուրքիայի հետ շփումների՝ կարողացանք ծանոթանալ նրա մտադրություններին եւ պլաններին»։ Տրամաբանորեն հակառակ կարծիք հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի համար բացասական երեւույթներ չի նկատում։ Նրա կարծիքով, գործընթացը տապալել է Թուրքիան, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորման համար իրավական հիմք ստեղծվեց։ Նա նաեւ նշեց, որ այս գործընթացը հայ ժողովրդին եւ Սփյուռքին օգնեց համախմբվել, քանի որ Սփյուռքը հասկացավ, որ Ցեղասպանության խնդիրը հուզում է ոչ միայն իրեն, այլ նաեւ հայաստանցիներին։ «Ավելին, մենք տեսանք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ձգտում է նաեւ Սփյուռքը»,- ասաց նա։

No comments:

Post a Comment