Tuesday, June 29, 2010

Պետդումայի փորձագետ. Չայլուի միջադեպում ակնհայտ երևում է թուրքական հետքը

Panorama.am. 28-6-2010- Պաշտոնական Մոսկվային այսօր ոչինչ չի մնում, քան ԼՂ կարգավորման հարցում գալ ինչ-որ միջանկյալ որոշման, որպեսզի հաստատի իր հեղինակությունը այդ գործընթացում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԴ Պետդումայի Ռուսաստան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի փորձագետ Արթուր Տոնոյանը: «Որքան էլ Մոսկվայի համար շահավետ չլինի ԼՂ ստատուս-քվոն, միևնույն է, նա միակը չէ»,- ասաց նա` մեկնաբանելով վերջին իրադարձությունները` սկսած սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումից` մինչև Չայլուում տեղի ունեցած միջադեպն ու բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերով, Մոսկվան զգում է, որ գործընթացը արգելակելով, այս փուլում նա արդեն կարող է կորցնել նախաձեռնությունը, որից կարող է տուժել նաև Ռուսաստանի իմիջը: Եվ քանի որ այսօր նկատելի է, որ բանակցային գործընթացն առաջ են մղում նաև այլ մասնակիցներ, ապա Մոսկվային ոչինչ չի մնում, քան գնալ ինչ-որ միջանկյալ որոշման` իր հեղինակության հաստատման համար: Անդրադառնալով ռուսական խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում, Տոնոյանը նշեց, որ երկվա դրությամբ իրավիճակն այդպիսին էր: «Որոշ փորձագետներ շրջանառության մեջ են դրել Քելբաջարում ու Ֆիզուլիում «6-օրյա պատերազմի» կոնտեքստում ոչ միայն ռուսական, այլև ամերիկյան խաղաղապահների տեղակայաման թեման»: Սակայն եթե Ռուսաստանը ցանկանա, և դրա մասին ասվել է ոչ մեկ անգամ, ապա վաղուց իր խաղաղապահ ուժերին կտեղակայեր այնտեղ»,- ասաց Ա. Տոնոյանը: Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ այդ փաստը հակազդեցություն կունենա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից. հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Իրանի «բարի» հարաբերությունները ու Իրանի վրա «ձեռքը դնելու»` Վաշինգտոնի ցանկությունը` հենց այս համատեքստում է, որ Ռուսաստանն առայժմ ձեռնպահ է մնացել կտրուկ գործողություններից: Ի՞նչ է տեղի ունենում այսօր ու ի՞նչ կարելի է ակնկալել գերտերություններից: «Այսօր իրավիճակն ուրիշ է և միանշանակ պետք է ինչ-որ բան փոխվի»,- ասաց պետդումայի փորձագետը: Ինչ վերաբերում է Չայլուում եռակողմ հանդիպումից ժամեր անց տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը, ապա դրանում, Ա. Տոնոյանի խոսքերով, ակնհայտորեն երևում է թուրքական հետքը: «Կարծում եմ, որ դա պատասխանն էր այն բանի, որ թուրքերից ուղղակի խլել են միջնորդական առաքելությունը, քանի որ գործնականում բոլոր պայմանավորվածությունները, որոնք եղել են Թուրքիայում, ի չիք են դարձել»: Մասնագետի խոսքերով, տեղի ունեցած միջադեպը պետք չէ դիտարկել որպես մեսիջ` ուղղված Ռուսաստանին, ընդհակառակը` դա ուղղված էր ողջ աշխարհին: «Ես, ինչպես նաև իմ շատ գործընկերներ, հուսով ենք, որ առաջիկա բոլոր փոփոխությունները կլինեն առանց ռազմական գործողությունների վերսկսման»,- ասաց Ա. Տոնոյանը և ավելացրեց, որ այսօր միայն պետք է ակնկալել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունը` Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի վերլուծել իրավիճակը «ի՞նչ է լինելու վաղը» համատեքստում: Նշենք, որ ԱԳ նախարարի հայտարարությունն արդեն հրապարակվել է:

No comments:

Post a Comment