Wednesday, June 30, 2010

Թուրք վերլուծաբան. Շրջադարձային փոփոխություններ ԼՂ կարգավորման գործընթացում չարժե սպասել, սակայն ինչ-որ անսպասելի բան է կատարվում

News.am. 30-6-2010- Ադրբեջանի համար ընդունելի չի լինի ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության այն դրույթը, որտեղ խոսք է գնում «ԼՂ ապագա վերջնական իրավական կարգավիճակը սահմանման մասին` նրա բնակչության իրավականն պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»: «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների (TURKSAM) տնօրեն Սինան Օգանը: «Սա ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրն է, եւ Ադրբեջանը չի համաձայնի դրան»,- ասել է նա ու հավելել, որ «ադրբեջանական կողմի համար ընդունելի է հայտարարության մեջ ամրագրված դրույթը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ազատի գրավյալ տարածքները: Ուստի կարծում եմ, որ մոտ ապագայում շրջադարձային փոփոխություններ կարգավորման գործընթացում չարժե սպասել»: Այնուհետեւ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցելությունը կարող է որոշակի տեղաշարժերի հանգեցնի ԼՂ գործընթացում, Սինան Օգանը պատասխանել է. «Վերջին շրջանը նշանավորվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպմամբ, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարներն ընդունեցին հայտարարություն, շուտով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն, վերջերս Պենտագոնի ղեկավարն էր տարածաշրջանում, շուտով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կժամանի այնտեղ: Այս ամենը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում ծավալվում են ոչ սովորական գործընթացներ, որ տարածաշրջանում ինչ-որ մի անսպասելի բան է սպասվում, սակայն բոլորը կձգտեն, կջանան, որ այդ անսպասելի իրադարձությունը, բեկումը տեղի չունենա»:

No comments:

Post a Comment