Wednesday, June 30, 2010

Մասիս Մայիլյան. «Հայաստանի ու ԼՂ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ կատարվածի առթիվ միջազգային փորձաքննություն անցկացվի»

Haynews.am. 30-6-2010- «Հրապարակը» ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ զրուցել է Արցախի ժողովրդի մոտ ստեղծված տարամադրություններից: Մայիլյանն ասել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների իրականացրած դիվերսիան ու հայ զինվորների կորուստն, անշուշտ, ազդել է հասարակական տրամադրությունների վրա. «Մյուս կողմից` մարդիկ այստեղ վճռականություն և պատրաստակամություն են հայտնում Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ միասին կանգնել մեր սահմանների պաշտպանության համար»: Անդրադառնալով պատերազմի սպառնալիքին` ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարն ասել է, որ իրադարձությունների նման զարգացում Արցախում բնակվողները երբեք չեն բացառել: «Հրապարակի» հարցին`ինչու հաջողվեց ադրբեջանական դիվերսիան և ինչու ԵԱՀԿ-ն ու համանախագահողները չշեշտեցին Ադրբեջանի մեղքը`Մասիս Մայիլյանը պատասխանել է. «Սա առաջին դեպքը չէ, որ ԵԱՀԿ-ն ընդհանուր հայտարարություններ է անում «և’ մերոնց, և’ ձերոնց» ֆորմուլայով: Քանի դեռ հետաքննություն չի իրականացվել, ֆորմալ առումով, ԵԱՀԿ-ն կարող է նման կերպ վարվել: Դրա համար Հայաստանի ու ԼՂ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ կատարվածի առթիվ միջազգային փորձաքննություն անցկացվի»: Մասիս Մայիլյանի կարծիքով` եթե մենք հանդես գանք նման նախաձեռնությամբ, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ցույց կտանք, թե ով է իրական ագրեսորը, իսկ օբյեկտիվ միջազգային գնահատականը կնվազեցնի նման միջադեպերի կրկնման հավանականոթյունը:

No comments:

Post a Comment