Wednesday, June 30, 2010

Հայաստանը՝ կիսաավտորիտար պետություն. Freedom House

Tert.am. 29-6-2010- Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա Nations in Transit (Անցումային փուլում գտնվող երկրներ) զեկույցն է հրապարակել, որն արձանագրում է Եվրասիայի 29 նախկին կոմունիստական երկրների առաջընթացը կամ հետընթացը 2009թ. ընթացքում։ Կազմակերպությունը նշում է, որ անցած տարի ուսումնասիրվող երկրների կեսից ավելին ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում հետընթաց են արձանագրել կամ շարունակել են վտանգավոր հետագիծը դեպի ավտորիտար կառավարում։ Կազմակերպությունը հատուկ մտահոգություն է հայտնում ԵՄ հինգ նոր անդամ երկրներում մամուլի անկախության թուլացման առնչությամբ։ Այդուհանդերձ, Freedom House–ն ընդգծում է, որ ամենալուրջ հետընթացը ուսումնասիրվող բոլոր երկրներից գրանցվել է Ռուսաստանում։ Հայաստանն այս տարի էլ անցած տարվա նման դասվել է «կիսաավտորիտար» երկրների շարքը՝ բոլոր կատեգորիաներում պահպանելով նախորդ տարվա ցուցանիշները։ Վրաստանը դասակարգվել է որպես «անցումային–հիբրիդ» համակարգ։ Զեկույցի հեղինակները փաստում են, որ նախկին ԽՍՀՄ երկրների բնակչության շուրջ 80 տոկոսը՝ 221մլն մարդ, մինչև հիմա զրկված է իր քաղաքական իրավունքներից։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ նախկին ԽՍՀՄ երկրներից ժողովրդավարության ամենամեծ անկումը Ռուսաստանից հետո արձանագրվել է Ղազախստանում և Ադրբեջանում։

No comments:

Post a Comment